Սևակ Թորոսյան. Պետք է պարզապես 300.1 հոդվածը ջնջվի Հայաստանի քրեական օրենսգրքից
Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի, դրան հետևած տարբեր մեկնաբանությունների մասին Panorama.am-ը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ, Ֆրանսիայի փաստաբանների պալաի անդամ Սևակ Թորոսյանի հետ։
Panorama.am-ՄԻԵԴ-ն օրեր առաջ հրապարակեց խորհրդատվական կարծիք՝ դատարանին Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից հասցեագրված հարցերի վերաբերյալ։ Այս պահին ի՞նչ կարող եք փաստել, ի՞նչ է արձանագրել Եվրոպական դատարանը։
Սևակ Թորոսյան-Նախ հիշենք, որ ընդհանուր իրավասության դատարանը գործը կասեցրել և ուղարկել էր Սահմանադրական դատարան, որպեսզի Քրեական օրենսգքրի 300.1 հոդվածի սահմանադրականության հետ կապված որոշում կայացնի։ Այս պահին պետք է փորձել ենթադրել, թե ինչու ՍԴ-ն իր հերթին ցանկացավ ՄԻԵԴ-ից խորհուրդ ստանալ, ի վերջո Սահմանդրական դատարանն է որոշում կայացնելու այդ հոդվածի սահմանդրականության վերաբերյալ։
Երբ ՍԴ-ն սկսկեց այս գործը քննել, կարող ենք ենթադրել, որ 30 կամ 40 հարցումներ ուներ, որոնց մեծամասնությունը լուծեց։ Մնացել էր 4 տեխնիկական հարցեր, որոնց վերաբերյալ որոշեցին կարծիք ստանալ Եվրոդատարանից։ Իմ կարծիքով, ՄԻԵԴ-ն ատաջին երկու հարցերին չպատասխանեց, քանի որ դրանք շատ ընդհանրական էին, ու ՄԻԵԴ-ն ուղղակի կապ չտեսավ դրանց ու Ռոբերտ Քոչարյանի գործի միջև։ Դա պետք չէ պատիժ համարել, ՄԻԵԴ չափանիշներով, հարցումը պետք է ուղղակի կապ ունենա նշված գործի հետ։ Այս երկու հարցերը, որոնք կապված էին իրավական պետության կամ իրավունքի գաղափարաբանության հետ, ուղղակի կապ չէին ստեղծում գործի հետ, ըստ ՄԻԵԴ դատավորների։
Ինչ վերաբերում է երրորդ և չորրորդ հարցերի պատասխաններին, ու եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լիենք, ապա առավել կարևոր է քրեական հանցագործության հստակության սկզբունքը։
Panorama.am-ՄԻԵԴ որոշման մասին պաշտպանական ու մեղադրող կողմի տեսակետները տրամագծորեն հակառակ կողմերում են։ Միջազգային փորձը՝ մասնավորապես ֆրանսիականն ի՞նչ է ցույց տալիս, այդպես էլ պե՞տք է լիներ։
Սևակ Թորոսյան -ՄԻԵԴ-ի կարծիքը նախաորոշում չէ։ Բնական է, որ տուժող կողմը, կամ դատախազությունը պետք է փորձեն այլ մեկնաբանություններ տալ, քանի որ կարծիքը պարզապես հիշեցնում և հաստատում է քրեական դատավարության բարձրագույն սկզբունքները։ Դրանք երկու տարի է, որ մենք պնդում ենք։
Ինչ վերաբերում միջազգային փորձին, ապա հիշեցնեմ, որ այս խորհրդատավական կարծիքի ինստիտուտը 2018-ից է գործում՝ թիվ 16 արձանագրությամբ։ Եվ այդ ժամանակից ի վեր եվրոպական երկրների բարձրագույն դատարանները միայն երկու անգամ են օգտագործել՝ առաջին անգամ Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը 2018 թվականին, երկրորդ անգամ Հայաստանի Սահմանադրական դատարանը 2019-ին։ Այս երկու կարծիքները կարդալով՝ հասկանում ենք, որ Եվրոդատարանը խորհրդատվական կարծիք տալով, նախավճիռ չի ուզում կայացնել։ Վճռի կայացումը, ըստ ՄԻԵԴ-ի, պետք է դրված լինի ազգային դատավորների ուսերին։ Մի խոսքով, ազգային դատավորը պետք է փաստի, որ լավ հասկացել է այս գործում քրեական օրենսգրքի հստակության սկզբունքը։ Դատավորն է պատասխանատու և իր երկիրն է պատժվելու, եթե սխալ որոշում կայացվի։
Panorama.am -Դատախազությունը, մեկնաբանելով խորհրդատվական կարծիքը, տարածած հաղորդագրության մեջ նշել էր. «Մեծ պալատը որևէ խնդիր և առավել ևս, Կոնվենցիային հակասող չի համարում քրեական նորմով որպես բլանկետ սահմանադրական նորմերի նախատեսումը` դարձյալ հղում կատարելով իրավական որոշակիության և կանխատեսելիության ընդհանուր կանոնին»։ Այսինքն, այն էականորեն տարբերվում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայտարարություններից։ Իսկապե՞ս խորհրդատվական կարծիքն այդ աստիճան տարընթերցումների տեղիք է տալիս։
Սևակ Թորոսյան -Դատախազության արտահայտությունը խաբեբայություն է, ՄԻԵԴ-ը նման դիրքորոշում չի արտահայտել, մասնավորապես 300.1-ի հստակության մասին դիրքորոշում չի հայտնել, ընդհակառակը զգուշացնում է ազգային դատավորին, եթե չեզոք կերպով դատավորը չի կարող անդրադառնալ, որ 300.1 հոդվածը հստակության ու կանխատեսելիության խնդիր է ստեղծում, ապա իր երկիրն է պատժվելու, երբ այս գործը ներկայացվի մեր առջև մոտ ապագայում։ 300.1 հոդվածը զարմանալի տեքստ է։ Ազգային ժողովը ժամանակին նախատեսել է պատիժը՝ 10-15 տարվա ազատազրկում, բայց ոչ հանցագործության սահմանումը։ Գողություն, մարդասպանություն կամ բռնաբարությունը գիտենք ինչ է, հստակ սահմանված են աշխարհի բոլոր քրեական օրենսգրքերում, բայց սահմանադրական կարգի տապալման գաղափարը, սահմանված չէ ու վտանգ է ստեղծում բոլոր քաղաքացիների, ընդդիմադիրների, լրագրողների համար, որոնց նկատմամբ կարող է այդ հիմքով քրեական գործ հարուցել իրենց հայտարարությունների կամ գործողությունների համար։ Պետք է պարզապես 300.1 հոդվածը ջնջվի Հայաստանի քրեական օրենսգրքից։
Panorama.am- Դատախազության ու փաստաբանների կարծիքները չեն համընկնում նաև օրենքի հետադարձ ուժի կիրառման վերաբերյալ, երբ հղում է արվում ներպետական պրակտիկային։ Ձեր կարծիքը ո՞րն է այդ հարցի վերաբերյալ։
Սևակ Թորոսյան -Դատախազությունն ու փաստաբանները պետք չունեն համաձայնվել օրենքի հետադարձ ուժի կիրրառման մասին, պարզապես պետք է կարդալ Եվրոպական օրենքը։ Բոլոր եվրոպական երկրների քրեական օրենսգրքերում նշված է այս սկզբունքը։ Եթե 2008-ին քրեական այդ հոդվածը գոյություն չուներ, ապա հետո ընդունվածը չի կարող հիմք դառնալ որևէ հանցագործության համար։ Եթե գոյություն ուներ, բայց տարիներ հետո այդ պատիժը խստացվել է, ապա այն դատարանը չի կարող օգտագործել։ Մեկ անգամ ևս ՄԻԵԴ-ը հիշեցնում է, որ ազգային դատավորը պետք է կոնկրետ անդրադառնա, եթե 2008-ին այդ օրենքի սահմանումը կար, թե՞ ոչ։ Այսինքն , խնդիրը նույնն է, ոչ 2008-ին, ոչ էլ 2020-ին Հայաստանի Քրեական օրենսգիքրը հստակ կերպով չի սահմանել այսպես կորված սահմանդրական կարգի տապալումը։
Panorama.am- Միջազգային օրենքների հումանիզացիայի սկզբունքը ասում է, որ եթե արարքից հետո օրենքը փոխվել է ու խստացվել է, այն չի կարող կիրառվել տվյալ արարքի համար։
Սևակ Թորոսյան -Այս հարցը պետք է տալ դատախազությանը։ Ես կարծում եմ, որ ժամանակ են շահում, քանի որ ինչ բաղդատումներ էլ անեն տարբեր տարիներին ընդունված զանզան օրենքների միջև, ի վերջո ամեն մարդ պետք է անդրադառնա խնդրին, որ սահմանադրական կարգի տապալումը երբեք սահմանված չի եղել։
Panorama.am -Եթե «յոթի գործ»-ով քրեական հետապնդումները դադարեցվել են, արդյոք ավտոմատ նույն հիմնավորումները չպետք է գործե՞ն սահմանդրական կարգի ենթադրյալ տապակման գործով մեղադրյալների համար՝ կատարած լինեն նրանք այդ արարքը, թե չէ, ապացուցված լինի մեղքը, թե չէ։
Սևակ Թորոսյան -Իհարկե, եթե այս հիմքով Ռոբերտ Քոչարյանը դատապարտվի, ապա վաղն էլ նույն հիմքով Նիկոլ Փաշինյանը պետք է դատապարտվի։ Բայց նորից կրիկնեմ, այս հանցագործությունը չի կարող հիմք լինել, որևէ դատապարտման համար։ Ռոբերտ Քոչարյանի գործը պետք է հենց հիմա դադարեցնել։
Panorama.am- ՍԴ-ն կարծիք է խնդրել նաև Վենետիկի հանձնաժողովից։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսին կլինի այդ հանձնաժողովի արձագանքը։
Սևակ Թորոսյան -Վենետիկի հանձնախումբն արդեն արտահայտվել է մոտ անցյալում Հայաստանի իրադարձությունների մասին։ Այն հեղափոխությունների մաքրության փուլի վերաբերյալ մեծ փորձառություն ունի, մասնավորապես, թե ինչպես նորընտիր իշխանությունները քրեական դատավարությունն օգտագործում են իրենց երևակայած թշնամիները մաքրելու համար։ Ի վերջո, ՄԻԵԴ-ի կամ Վենետիկի հանձնաժողովին կարծիքները պիտի օգնեն նախ և առաջ Սահմանադրական դատարանին որոշում կայացնելու համար։ Այս որոշումին է, որ կսպասենք։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ Ձայնը». ՄԻԵԴ որոշումը՝ արդարադատության հաղթանակ
- Էդվարդ Ֆիցգերալդ. ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային է
- Գլխավոր դատախազությունը՝ ՍԴ դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի մասին
- Արամ Վարդևանյան. ՄԻԵԴ փաստաթղթում մենք տեսնում ենք 300.1 հոդվածի անհստակություն
- Սարգիս Գրիգորյան. ՄԻԵԴ-ը տվել է նպատակներն ու սահմանները, որոնցով պետք է առաջնորդվի ՍԴ-ն
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում
- Արամ Վարդևանյան. Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով
- ՄԻԵԴ-ը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին