Հիվանդությունը գաղտագողի սողոսկում է մարդու օրգանիզմ և կատարում իր չար գործը.բժիշկ
Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում խոսքով հանդես եկավ «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը: Նա վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով և բուժվելուց հետո՝ երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:
«Երեկ ես դուրս եմ գրվել Ս. Գր.Լուսավորիչ հիվանդանոցից , որտեղ շուրջ 15 օր գտնվել եմ բուժման ընթացքում: Միանգամից ասեմ, որ ես պատկանել եմ ռիսկի խմբին՝ հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ և 68 տարեկան: Այս պայմաններում ես տարել եմ երկկողմանի սուր թոքաբորդ, կորոնավիրուսային վարակ,շատ ծանր վիճակում բուժվում էի իմ կոլեգաների մոտ և նրանց շնորհիվ կանգնած եմ ձեր առջև և խոսում եմ։
Հիվանդությունը բավականին նամարդ հիվանդություն է: Գաղտագողի սողոսկում է մարդու օրգանիզմ և կատարում իր չար գործը: Պետք է զգույշ լինել, արհամարհանքով կամ քամահրանքով վերաբերվել այս հիվանդությանը չի կարելի, այն արժանի է բավականին լուրջ ուշադրության»,- ասաց բժիշկը:
Դավիթ Պատրիկյանն անդրադառնալով վարչապետի հորդորներին, հավելեց. «Պատերազմ է ժողովուրդ, իսկական պատերազմ: Պատերազմում հրամանները չեն քննարկվում, կատարվում են, սա է օրենքը: Եկեք կատարենք Կառավարության որոշումները»:
«Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչը նաև ավելացրեց, թեև երիտասարդների մոտ հիվանդությունը հեշտ է ընթանում, սակայն նրանք վարակը կարող են տանել տուն և վարակել տան մեծահասակներին կամ քրոնիկ հիվանդություն ունեցող այլ անձանց,որը շատ դեպքերում լինում է անդառնալի: