Կամ ձեր ջանքերը համարժեք չեն ձեր հայտարարած նպատակներին. Անի Սամսոնյան
«Ստացվում է, որ կամ ձեր հայտարարությունները չեն համապատասխանում ձեր գործադրած ջանքերին, կամ ձեր ջանքերը համարժեք չեն ձեր հայտարարած նպատակներին»,- ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Անի Սամսոնյանը՝ արձաքանքելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:
Պատգամավորը նկատեց, որ նախորդ տարի ԱԺ դահլիճում կառավարությունը իր ղեկավարի՝ վարչապետի մակարդակով հայտարարեց տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին և պատգամավորները պատկերացնում էին, որ պետք է մշակվի լուրջ գործիքակազմ հատկապես ներդրումների ներգրավման համար, բայց կատարողականի մեջ բերված տվյալն այդ մասին չի խոսում:
«Ներդրումների և արտահանումների խթանման շրջանակում հաշվետու ժամանակահատվածում կատարվել են շուրջ 882 դրամի ծախսեր, կազմելով ծրագրով նախատեսվածի 18,9 տոկոսը: Թերակատարումը կազմում է մոտավորապես 81 տոկոս»,- բյուջեի կատարողականի համապատասխան կետն ընթերցեց Անի Սամսոնյանը և հարցրեց, թե ինչո՞վ է ֆինանսների նախարարը բացատրում այդ փաստը, որ կառավարությունն իր քաղաքականության գերակա ուղղություն համարվող ներդրումների ներգրավման համար ընթացիկ տարում ծախսերը թերակատարել է 81 տոկոսով:
«Տնտեսական հեղափոխության ձեր պատկերացմանը բյուջեի կատարողականի չհամապատասխանումը, կարծում եմ բացատրություն ունի»,- հայտարարեց Ատոմ Ջանջուղազյանը և նկատեց, որ պատգամավորը ներկայացրեց միայն ծրագրի միջոցառման մեկ կատարողականը, բայց այն չի կարող դիտարկվել ներդրումային միջավայրի տեսակետից միակ և ամենանշանակալի միջոցառումը:
Ըստ Ջանջուղազյանի, հարկային համակարգի փոփոխությունն անհամեմատ ավելի նշանակալի միջոցառում է ներդրումների ներգրավման տեսակետից, քան պատգամավորի մատնանշած կոնկրետ միջոցառման կատարողականի ցուցանիշը:
Ֆինանսների նախարարի խոսքով, ներդրողը եթե գիտի, որ իր գործողությունների համար նախորդ տարի շահույթից վճարել է 20 տոկոս, իսկ հաջորդ տարի վճարելու է 18 տոկոս՝ այն ավելի կարևոր է տվյալ երկրում ներդրում կատարելու որոշում կայացնելու համար:
Ջանջուղազյանը համոզմունք հայտնեց, որ պատգամավորի բերած միջոցառումը բացատրություն ունի և համոզված է, որ այն կարող է ընկալվել սպառիչ և ոչ սպառիչ, բայց չի ցանկանում դրան անդրադառնալ, որովհետև առաջիկայում առիթ լինելու է դրան անդրադառնալու:
Անի Սամսոնյանը կոչ արեց հասկանալ, թե ինչ է նշանակում ներդրումային միջավայրի բարելավում, որը, ըստ իր պատկերացման այն գործիքակազմ է՝ ուղղված ազգային տնտեսության մրցունակության բարձրացմանը, հատուկ ներդրումային քաղաքականությանը, նախաներդրումային և հետներդրումային աջակցությանը, երկի վարկանիշի բարձրացմանը:
Նկատելով, որ ուզում է հասկանալ, թե ինչի՞ն է ուղղված եղել այս միջոցառումը, որը թերակատարվել է՝ Անի Սամսոնյանը կոչ արեց մանրամասն ներկայացնել թերակատարված ծրագիրը:
Ջանջուղազյանը նկատեց, որ ինքը ոչ թե առհասարակ չի ուզում մանրամասն ներկայացնել միջոցառումը, այլ այս պահին չի անում դա, որովհետև այն ունի կոնկրետ պատասխանատու և երբ քննարկվի միջոցառումը՝ պատասխանատուն կպարզաբանի, թե ինչ նպատակ են ունեցել և ինչու է այդ չափով թերակատարվել: