Աստղիկ Ավետիսյան. Պարոն վարչապետ, Դուք բան ու գործ չունե՞ք
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Հայկական Փի Ար ասոցիացիայի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորում է փոխել հաղորդակցության ռազմավարությունը, սկսել սեր տարածել, հարգել բոլորին։
Կոչը նա հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում.
«Պարոն վարչապետ, դուք բան ու գործ չունե՞ք, երկրի կառավարմամբ զբաղվե՛ք (այլոց լուսանկարները տարածելու և պախարակելու փոխարեն, ավելի կարևոր գործեր կան)։ Ձեր յուրաքանչյուր գրառումից հետո գրագետ, թե անգրագետ, իր գռեհիկ կարծիքն է հայտնում, դուք դրանք կարդալուց լա՞վ եք զգում։ Հասարակությանը վերջնականապես մի տարեք անդունդ։ Ժամանակին նախկին երեք նախագահներին մեղադրում էին հեռուստաեթերը օճառային օպերաներով լցնելու համար, կարծիք կար, որ հասարակությանը զբաղեցնելու, մտածելու ունակությունը կորցնելու համար էր արվում, որ բողոքի զանգվածային դրսևորումներ չլինեն։
Այսօր դուք դարձել եք Ձեր իսկ ստեղծած օճառային օպերայի հերոսը։ Ամեն ինչ պտտվում է Ձեր շուրջ։
Ցավոք, պետք է արձանագրեմ, որ Ձեր շնորհիվ հասկացա, թե ինչքան չկայացած, ինչքան նախանձ, ուրիշների հաջողություններից ընկճախտի մեջ հայտնվող, անդաստիարակ, անխելք, մտածելու ունակություն չունեցող, հայհոյանքը որպես աղոթք օգտագործող հասարակության հետ գործ ունենք։ (Շատերը թաքնված այլ մարդկանց անվան ներքո)։
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ կին, որպես հայ մայր, խնդրում եմ, օգտվելով համաճարակի այս տխուր ժամանակաշրջանից, փոխե՛ք Ձեր հաղորդակցության ռազմավարությունը, սկսեք սեր տարածել, հարգել բոլորին, չօգտագործել վարչապետին ոչ հարիր արտահայտություններ։ Խոսե՛ք կարևորից, գործե՛ք արժանապատիվ։ Վերջապես դարձեք բոլորի վարչապետը։ Համոզված եմ, որ եթե դուք հանդես գաք նման ուղերձով, շատ բան կփոխվի։ Հակառակ դեպքում դուք եք հայտնվելու անհանդուրժողականության փոսում։ Ոչինչ հարատև չէ, մի օր վերևում եք, մի օր՝ ներքևում, բարի լինելն այս դեպքում անհրաժեշտություն է։
Ամենայն հարգանքով»։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյանը՝ Փաշինյանին. Մի´ արա, պարզապես մի´ արա
- Ռեստորանը վարչապետին հորդորում է ապատեղեկատվություն չտարածել
- Քահանա. Այսօր Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան