Ոստիկանությունն իրավունք ունի իրավաչափ ուժ կիրառելու. Աբրահամյան
«Վերջին օրերին արվում են հայտարարություններ ու կոչեր, որ ոստիկանությունը շատ ավելի խիստ պետք է լինի, անգամ կոչեր են հնչում, որ բանակը պետք է այստեղ ներգրավվի»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ իր հրահանգով ոստիկանները կարող են բռնի ուժ կիրառել՝ դիմակ չկրելու համար։
Նրա խոսքով, դեռ շաբաթներ առաջ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչ էր անում տրանսպորտը գործարկել, քանի որ մարդիկ այլևս չեն կարող այսպես ապրել և տնտեսությունը ուղղակի կործանվում է, մարդիկ սովից կոտորվում են։ Ըստ պատգամավորի, այսօր տրամագծորեն հակառակ կոչն է արվում։
«Ես վստահ եմ ավելի քան, որ եթե ոստիկանության բոլոր գործողություններն իրավաչափ են։ Ի վերջո, ոստիկանությունը հենց այն մարմինն է, որ ունի իրավաչափ ուժ կիրառելու իրավունք և իրավասություն։ Եվ այդ իրավասությունը եթե ոչ այսօր, ապա ե՞րբ պետք է կիրառել։ Եթե որևէ մեկը խախտում է մյուսի առողջ լինելու իրավունքը, քանի որ ցանկացած մեկի դիմակ չկրելն այսօր, խախտում է դիմացինի առողջ լինելու և մեծ հաշվով կյանքի իրավունքը։ Եթե ոստիկանությունն այստեղ չպետք է գործողություններ իրականացնի, ապա այդ դեպքում որևէ համեմատություն չպետք է անենք Վրաստանի հետ։ Այնտեղ այն խիստ գործողությունները, որ ոստիկանությունն էր իրականացնում, ուղղակի համեմատելի չեն մեր ոստիկանական գործողությունների հետ»,- շեշտեց նա։
Գ. Աբրահամյանի խոսքով, վերջին շրջանում շատ զարգացած երկրներում ոստիկանական համակարգերի գործողությունները շատ հաճախ եղել են ոչ իրավաչափ ուժ կիրառելով։
Դիտարկմանը, որ վարչապետ Փաշինյանը երկու օր առաջ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում էր, որ թույլ չի տա սեփական ժողովրդի վրա ուժ կիրառել, իսկ այսօր այլ բան է արվում, պատգամավորն արձագանքեց՝ խոսքը իրավաչափ ուժ կիրառելու և ոստիկանության գործողություններն իրացնելու մասին է։
«Եթե արձանագրություն կազմելուց հետո, հորդորներից հետո որևէ կերպ քաղաքացին չի ենթարկվում պարետի օրենքով սահմանված պատադիր պահանջին, ապա ոստիկանությունն իրավունք ունի բերման ենթարկելու։ Ոստիկանությունն այս իրավիճակում ունի իրավունք, և դրա չիրացումը հանգեցնելու է հիվանդության դեպքերի թվերի աճի»,- շեշտեց Գ. Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին