Բոլոր դեպքերում կա անհատական տվյալների պաշտպանության խնդիր, բայց մյուս կողմից կա հանրային շահ.Փաշինյան
Ցանկացած հրապարակում ահազանգ է և ուրախ եմ, որ հերքվում է այն: Այս մասին պարետատան հերթական նիստից հետո բրիֆինգին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հասարակության շրջանում քննադատություններին, որ խախտվում է մարդկանց անձնական կյանքի իրավունքը, երբ հրապարակվում են նրանց լուսանկարները։
«Ես ուզում եմ բերել մի օրինակ, երբ մի կազմակերպության կողմից հերքվել էր մի ահազանգ, երեկ ուշ երեկոյան պարզվեց, որ նույնանուն կազմակերպության կողմից կազմակերպվել է խայտառակ մի միջոցառում։ Բեմական համարներ են անգամ ցուցադրվել, այսինքն՝ միջոցառում, որը արգելված է: Եթե մի քաղաքացի իրավախախտում անի, ոստիկանները նրան մոտենան բերման ենթարկելու, որևէ այլ քաղաքացի, ինչպես շատ ենք տեսնում, օրինակ ուղիղ եթերում լուսաբանի դա առանց քաղաքացուն հարցնելու, ոչ մեկի մոտ հարց չի ծագի, թե ինչու ոստիկանության կատարած գործողությունը լուսաբանվում է առանց քաղաքացու համաձայնությունը հարցնելու։ Նույն տրամաբանությամբ կարող է լուսաբանվել ոստիկանության չկատարած գործողությունը։ Նույն տրամաբանությամբ կարող է լուսաբանվել իրավախախտումը: Բոլոր դեպքերում կա անհատական տվյալների պաշտպանության խնդիր և մենք ամեն ինչ կանենք այդ տվյալները հնարավորինս պաշտպանելու համար, բայց մյուս կողմից կա հանրային շահ, կա օրինականության շահ»,- ասաց նա։
Ամեն դեպքում, վարչապետը շարունակեց կոչ անել ՀՀ քաղաքացիներին ՝ միանալ ֆլեշմոբին: