Քաղաքացի. Գնացել եմ ու թեստ չկար, ասացին՝ վարորդը գնացել է թեստ բերի, մինչև հիմա բերում է
Տասը օր է ջերմող քաղաքացուն բուժօգնություն չեն ցուցաբերում. «Արդեն տասը օր է ջերմում եմ, տանը սկեսուրս է ապրում՝ տարիքով ռիսկային խմբում, ով նույնպես հիվանդ է, կորոնավիրուսի բոլոր ախտանիշներն ունեմ, գրանցված եմ «Մեդլայն»-ում, չեն թեստավորում, շտապօգնության բրիգադը պատշաճ օգնություն չի ցուցաբերում»։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմել է տիկին Ստեփանյանը։ Նա ասել է, որ երեք անգամ շտապօգնություն են հրավիրել, միայն առաջին այցի ժամանակ է բժիշկը ներարկում արել, մյուս երկու անգամվա ընթացքում օգնություն չի ցուցաբերվել, և քանի որ բժիշկները կասկածել են, որ կորոնավիրուս ունի, պացիենտին չեն մոտեցել։
«Այնուհետև այցելել եմ «Մեդլայն», որտեղ և գրանցված եմ, թերապևտն ասաց՝ վիճակդ նորմալ է, սակայն վերադարձել եմ տուն և վիճակս կտրուկ վատացել է, հիմա էլ ինձ վատ եմ զգում։ Երեկ էլ գնացել եմ «Մեդլայն», որպեսզի թեստավորեն, սակայն ասացին, որ այսօր ժամը իննին գնամ, գնացել եմ ու թեստ չկար։ Ասացին՝ վարորդը գնացել է թեստ բերի, մինչև հիմա բերում է, չկա թեստ։ Այնտեղ ուշագնաց եղա, սակայն քանի որ բժիշկը կասկածում է, որ կորոնավիրուսակիր եմ, ասել է՝ պատուհանը բացեք, թող մաքուր օդ գա»,-ասել է տիկին Ստեփանյանը։
Նա հայտնել է, որ «Մեդլայնից» վերադարձել է տուն ու շտապօգնություն հրավիրել, որը ժամանել է 3 ժամ անց։
«Այնուհետև ամուսինս զանգահարեց Առողջապահության նախարարության թեժ գիծ, սակայն ոչինչ չփոխվեց։ Ես հասկացա, որ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը, ովքեր մեղադրում են քաղաքացիներին ստեղծված իրավիճակի համար, չկա նման բան, իրենք են թիվ մեկ պատասխանատուն, այս ամենի մեղավորը, համակարգը չի աշխատում»,-ասել է Ստեփանյանը՝ նշելով, որ կդիմի մասնավոր բժշակական կենտրոն՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու համար։
Ստեփանյանի խոսքով՝ կորոնավիրուսի նման զարգացման, օրեցօր վարակվածների թվի աճի համար պատասխանատու են բացառապես երկրի վարչապետն ու իր թիմի անլուրջ կերպարները։ «Ցավում եմ, որ մեր քաղաքացիների առողջությունն ու երկրի ապագան նման անպատասխանատու ու անլուրջ մարդկանցից է կախված, ես ականատեսն եմ»:
Հարակից հրապարակումներ`
- 05.06.2020. 596 նոր դեպք և 8 մահ
- ԵՊԲՀ դասախոս. Կորոնավիրուսի դեպքում խուսափել ցանկացած ինքնաբուժումներից
- Ինչպե՞ս տան պայմաններում խնամել COVID-19-ով վարակված մեծահասակին ու երեխային
- Կորոնավիրուսի դրական թեստով ու երկկողմանի թոքաբորբով քաղաքացուն չեն հոսպիտալացնում
- Տանը՝ կորոնավիրուս, դրսում՝ անկազմակերպ բուժօգնություն
- Հիվանդներին տուն ուղարկելուց մի քանի օր անց միայն ԱՆ-ն հիշեց տնային բուժման խորհուրդների մասին
- Պոլիկլինիկաներին մատնային պուլսօքսիմետրեր և անհատական պաշտպանիչ միջոցներ են բաշխվել
- Կորոնավիրուսի՝ տնային թեստեր չեն արվում