ՊԵԿ փոխնախագահը չի հիշում՝ քանի մեքենա ունի կոմիտեն
«Քանի՞ մեքենա ունի ՊԵԿ-ն իր տրամադրության տակ և ի՞նչ նպատակով է օգտագործում դրանք։ Արդյո՞ք նման մեքենաների օգտագործումն արդյունավետ է»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ դիմելով ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանին։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ մեքենաների կոնկրետ թիվը չի կարող ասել, քանի որ չի հիշում։
Ինչ վերաբերում է այդ մեքենաների արդյունավետությանը, ապա դրանք սպասարկող մեքենաներ են, ծառայողական մեքենաներն արդեն վաղուց ՊԵԿ-ում չկան, և միայն կոմիտեի նախագահին է հատկացվում ծառայողական մեքենա.
«Իսկ մյուս բոլոր աշխատակիցներին տրամադրվում է ստորաբաժանմանը սպասարկող մեքենա։ Անձամբ ես էլ չունեմ ծառայողական մեքենա, ինձ համար էլ կա սպասարկող մեքենա։ Այդ մեքենաներն օգտագործվում են միայն աշխատանքային նպատակով, և որևէ անգամ այդ մեքենայով տուն կամ տնից աշխատանքի չեն գնում աշխատակիցները։ Բացառություն կարող է լինել վերջին շրջանը, երբ տաքսիներից օգտվելը մի փոքր ավելի ռիսկային է։ Իսկ դրանից դուրս որևէ մեքենա այլ նպատակով չի օգտագործվել։ Այդ մեքենաները հիմնականում նպատակաուղղված են հարկային և մաքսային մարմինների գործառույթների իրականացմանը։ Դրանք պիտի ապահովեն այն գործառույթները, որոնք կատարում է կոմիտեն՝ դա կլինի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում, հսկողական աշխատանք, թե մաքսային մարմնի այլ գործառույթ»,- ներկայացրեց նա։
Մ. Թանդիլյանն էլ փորձեց «օգնել» ՊԵԿ փոխնախագահին, նրան հայտնելով, որ ՊԵԿ-ն ունի 168 մեքենա, և շատ անգամ ավելի պակաս վարչություններ ու ստորաբաժանումներ։
«Եթե դուք անձնական մեքենա չունեք, ապա կարող եք օգտվել ՊԵԿ-ի երթուղային տաքսիներից՝ միկրոավտոբուսներ, որոնք հավանաբար ՊԵԿ աշխատակիցներին տանում են տուն։ Կարծում եմ, որ այդ ավտոբուսները պետք է նվիրաբերեք Երևան քաղաքին»,- շեշտեց Մ. Թանդիլյանը։
Ա. Մանուկյանն էլ կատակեց՝ նվիրաբերելու ուղղությամբ կմտածեն, որին ի պատասխան Մ. Թանդիլյանն ասաց՝ տեղն էլ կարող եմ ասել՝ Զաքյան փողոց։
Այնուամենայնիվ, ՊԵԿ նախագահի տեղակալը տեղեկացրեց, որ այդ միկրոավտոբուսները լուծում են կոմիտեի աշխատակիցների՝ աշխատանքի հասնելու հարցը։
«Եվ այդ ավտոբուսների օգտագործումն օգնում է լավ պայմաններ ապահովել ՊԵԿ աշխատակիցների համար, և կարծում եմ, որ դա շռայլություն չէ։ Եթե պիտի այս մարմնի աշխատողները բնականոն աշխատանք իրականացնեն, իրենց տեղափոխումը չպետք է շռայլություն համարվի»,- եզրափակեց խոսքը Ա. Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ատոմ Ջանջուղազյանն առաջարկում է եկամտահարկից չֆինանսավորել Երևանի որոշ գոտիներում բնակարանների հիպոթեքային վարկերը
- Մենք ունենք մոտավորապես 1.3 մլրդ դոլար միջազգային աջակցություն. Ջանջուղազյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում