Առաջին սպառման ապրանքների շուկայում գների նվազում կա. Գ. Գևորգյան
«Բոլոր երեք շուկաներում՝ թե՛ դիմակ, թե՛ ալկոգել և թե՛ ձեռնոց, ուսումնասիրությունները շարունակվում են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նրա խոսքով, բժշկական և պաշտպանիչ դիմակների շուկայում և ձեռնոցների շուկայում կան հարուցված վարույթներ, առաջին լսումները տեղի են ունեցել։
«Մոտ ժամանակներս վարույթը կավարտվի և հայտարարությամբ հանդես կգանք։ Վարույթը հարուցվել էր, քանի որ նկատել էինք գնի որոշակի բարձրացում և դրա հիման վրա՝ գերիշխող դիրքի չարաշահման փաստի ուժով հարուցել ենք վարույթ։ Դիտարկվող ժամանակահատվածում դիմակի գինը խոշոր դեղատնային ցանցերում 220-ի կարգի է եղել։ Բայց մի բան կարող ենք փաստել, որ ՀՀ-ում չկա դեպք, երբ 20 դրամով ներմուծված դիմակը վաճառվել է 200 դրամով։ Այսինքն՝ հաշվի առնելով աշխարհում եղած դիմակների դեֆիցիտը, ՀՀ-ն դրանք ներկրել է մոտ 10 անգամ ավելի բարձր գնով»,- մեկնաբանեց Գ. Գևորգյանը։
ՏՄՊՊՀ նախագահը շեշտեց, որ որոշակի քայլեր ձեռնարկելուց հետո ՀՀ-ում դիմակների գինը բավականին իջել է, և ավտոմատ ապարատների միջոցով մեկ դիմակը 100 դրամով է վաճառվում։
«Մենք ասել ենք, որ նայելու ենք՝ արդյո՞ք մարժաների փոփոխություն տեղի չի ունեցել, և եթե եղել են նման դեպքեր, արդյո՞ք արդարացված են դրանք։ Եվ եթե մենք գտնենք, որ տնտեսվարողներն այս ժամանակահատվածում չարաշահել են իրենց դիրքը, անպայման նրանք պատասխանատվության կենթարկվեն»,- մեկնաբանեց նա։
Գ. Գևորգյանը տեղեկացրեց նաև, որ մի շարք ապրանքների շուկաներում՝ ձեթ, հավի բուդ, շաքարավազ, ուսումնասիրություններ են անցկացվել։ Նրա խոսքով, շաքարավազի շուկայում գնիջեցում էր նկատվում, որը ոչ համաչափ էր։
«Կարագի ապրանքային շուկայում ևս ունենք հարուցված գործ, բայց էլի գնի բարձրացման հետ չի կապված, այստեղ էլ այլ երևույթ է։ Մենք 44 ապրանքային շուկա ենք ուսումնասիրել, և բացի մի քանի ապրանքներից՝ ցիտրուսային մրգեր, իմբիր և դիմակներ, մյուս շուկաներում գների այլ բարձրացումներ չեն նկատվել։ Այսինքն՝ բացի դոլարի կուրսի տատանումից և որոշակի ճանապարհածախսի թանկացումից, գների բարձրացումներ չեղան, և առաջին սպառման ապրանքների շուկայում գների նվազում կա։ Եթե համեմատում ենք 2018-19 թվականների հետ, այդ նվազումը բավականին ակնհայտ է։ Այս պահին որևէ ապրանքի դեֆիցիտ չկա և որևէ խանութի դարակաշարերը չեն դատարկվել։ Միակ խնդիրը մի պահ եղավ կոճապղպեղը, դա էլ շատ հասկանալի և բացատրելի է։ Կոճապղպեղը ՀՀ-ում մեծ սպառում չունի, իսկ այդ շրջանում այն հանկարծակի սպառվեց։ Նույնն էլ դիմակների հետ էր կապված, որը շուտ լուծվեց»,- ներկայացրեց Գ. Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վիրուսից արդյունավետ պաշտպանության համար դիմակը պետք է պարունակի առնվազն երեք շերտ. ԱՀԿ
- Արման Թաթոյան. Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ
- Արա Զոհրաբյանը՝ նախարարին. Հանրության հետ պետք է պարզ խոսել, առանց բառախաղերի