ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ գազի գնի բարձրացման անհրաժեշտություն է տեսնում
«Իրենք հայտով ներկայացրել են գազի սակագնի վերանայման իրենց հաշվարկները, մեր աշխատակազմն էլ ներկայացրել է իր դիրքորոշումը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նա տեղեկացրեց, որ այժմ սկսվել է հանրային քննարկումների փուլ, որն ամփոփվելու է այս ամիս կայանալիք հանձնաժողովի նիստում։
«Մեր աշխատակազմի հաշվարկներն էլ են ցույց տալիս, որ այսօրվա գները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն»,- շեշտեց նա։
Գ. Բաղրամյանը տեղեկացրեց, որ իրենք «Գազպրոմ Արմենիայի» հետ քննարկում են առաջիկա տասը տարվա ավելի կայուն և կանխատեսելի սակագնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը և իրավական դաշտը։
«Սակագնի հաշվարկման մեթոդիկան հիմա ներկայացված է e-draft հարթակում։ Այն նախատեսում է առաջիկա տասը տարիների համար կապիտալ ներդրումների մի մեծ փաթեթ՝ շուրջ 500 մլն դոլար։ Եվ այդ ներդրումների դիմաց բնականաբար որոշակի արդյունքներ են ակնկալվում, և առաջիկա տասը տարիներին բավականին կանխատեսելի սակագնային մարժա ենք ունենալու։ Այսինքն՝ կախված նրանից, թե սահմանին գազի ինչ գին կունենանք, ավելի կանխատեսելի կլինի մարժան և սպառողների համար ձևավորվող վերջնական գները»,- ասաց նա։
Գ. Բաղրամյանի խոսքով, «Գազպրոմը» միջին գինն առաջարկել է 283 դոլարը, դա հինգ սպառողական խմբերի միջինն է, որպեսզի կարողանանք համադրել, ասեմ, որ այսօրվա գործող սակագինը 255 դոլար է. «Մեր աշխատակազմն առաջարկել է 266.7 դոլար։ Ընդ որում, այդ գումարն առաջարկվում է բաշխել այնպես, որ բնակչության համար և սոցիալապես անապահով խավի համար գների փոփոխություն չլինի։ Միջին բարձրացման չափով գազի գինն ավելանում է ջերմոցների և վերամշակման գործարանների համար, ինչպես նաև 10 հազար խորանարդից ավելի սպառումների համար»։
Դիտարկմանը, որ այս բարձրացումը կարող է հանգեցնել գյուղմթերքի գնի բարձրացման՝ Գ. Բաղրամյանն արձագանքեց՝ մենք ասում ենք, որ գազի միջին գինը բարձրանում է, և խոսք չկա գինն ընդհանրապես չբարձրացնելու մասին, և տնտեսության որոշ ճյուեր ու սպառողներ իրենց վրա զգալու են այդ բարձրացումը։
«Այլ հարց է, թե այդ բարձրացումն ինչքանով կառավարելի կլինի տնտեսության ճյուղերի համար»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է ջրի գնին, ապա ՀԾԿՀ նախագահն ասաց, որ «Վեոլիա» ընկերությունը մինչև օգոսոտսի 1-10-ը պարտավոր է ներկայացնել սակագնի վերանայման հայտ՝ ելնելով չորս հիմնական գործոնից՝ ջրի փաստացի սպառման ծավալը, սղաճ, էլեկտրաէներգիայի գին և այլ գործունեությունից ստացվող եկամուտ։
Գ. Բաղրամյանը տեղեկացրեց նաև, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդիր այսօր չկա դրված, և առնվազն մինչև փետրվարի մեկը չի էլ լինի, քանի որ այն գումարները, որոնք գազի գնի բարձրացման պարագայում առաջանում են էներգոհամակարգում, անկառավարելի են և պետք է համակարգի ներքին ռեսուրսների հաշվին այդ հարցը լուծել։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայի դիրքորոշումը նավթի և գազի վերաբերյալ Մինսկում հարցեր է առաջացրել
- Ինչո՞ւ Ռուսաստանը չի իջեցնում գազի սակագինը Հայաստանի համար