ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն արտակարգ դրության պայմաններում որդու հարսանիքն է արել
Hraparak.am կայքը երեկ գրել է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը ֆլեշմոբեր է անում եւ դպրոցների տնօրենների է հեռացնում՝ իրենց աշխատասենյակներում ատեստատներ տալու ժամանակ 5-10 շրջանավարտ ընդունելու համար, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այսօր ամուսնացնում է որդուն և ողջ թաղամասը դղրդում է հարսանեկան երաժշտությունից։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է որոշել արտակարգ դրության պայմաններում հարսանիք անել։ Նորապսակներն այսօր եղել են Գայանե Եկեղեցում՝ գրանցել են իրենց ամուսնությունը, իսկ այս պահին Բագրեւանդի առանձնատանը խնջույքի ամենաթեժ պահն է, որն արձանագրել է մեր լրագրողի տեսախցիկը։ Ներկա է 100-ից ավելի հյուր։ Դրսում մեծ թվով ավտոմեքենաներ են կանգնած, նաեւ ՊՆ-ի պետհամարանիշներով։ Պետական պաշտոնյաները, փաստորեն, արհամարհում են արտակարգ դրության ռեժիմը եւ վարչապետի հրահանգները։
Մենք 20-ից ավելի մեքենա հաշվեցինք կայանած եւ եթե անգամ ենթադրենք, որ յուրաքանչյուր մեքենայում 2-3 ուղեւոր է եղել, ապա ակնհայտ է, որ հյուրերի քանակը մոտ է, եթե ոչ ավելի 100-ից։ Պետական պաշտոնյաները, փաստորեն, արհամարհում են արտակարգ դրության ռեժիմը եւ վարչապետի հրահանգները»։
Factor.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի հետ կապված տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն, որտեղ անցկացվում էր հարսանիքը։
«Մեր տեղեկություններով՝ «Հրապարակ» օրաթերթի՝ այսօր հրապարակած տեսանյութից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է պարետին գնալ և դադարեցնել միջոցառումը: Հիշեցնենք, որ երկրում արտակարգ դրություն է, և բազմամարդ հավաքներ անցկացնել չի թույլատրվում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարսանեկան արարողությանը մասնակցել են նաև բարձրաստիճան սպաներ»,- գրել է կայքը։
«Արմենպրես»-ը գրում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության մասին՝ կապված իր որդու հարսանյաց արարողության հետ․
«Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին