Ասում է՝ եկեք վարկ վերցրեք, որպեսզի իմ հարկը տաք. Արկադի Խաչատրյան
«Փոխանակ պետությունն ասի՝ ես հարկերը չեմ ուզում, հետաձգում եմ, այս պահին արձակուրդ եմ տրամադրում, ասում է՝ եկեք վարկ վերցրեք, որպեսզի իմ հարկը տաք»,- ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Արկադի Խաչատրյանը և հավելեց, որ այն կառավարության կողմից առնվազը գործընկերային չէ:
Պատգամավորը հարց ուղղեց զեկուցող Տիգրան Խաչատրյանին, թե արդյոք վերջինս, որպես էկոնոմիկայի նախարար կռիվ տվել, պայքարել է այդ սուբյեկտների համար։
«Շատ կարևոր է, որ նրանք հավատան և տեսնեն, որ իրենց նախարարն իրենց թիկունքին կանգնած է, և արդյունավետությունը զուտ այդ գոյատևման խնդրի լուծումն է, այլ ոչ թե ապագային հավատալը»,- նկատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Վերջինս անդրադարձավ նաև կառավարության աջակցության երրորդ ծրագրին և բացասական գնահատեց այն փաստը, որ մի փոքր փչացած վարկային պատմությունը, կամ հարկի վճարման ուշացումը հիմք է համարվել, որպեսզի տվյալ սուբյեկտը դուրս մնա աջակցության ծրագրից:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ կառավարությունը մի քանի անգամ այդ չափորոշիչը մեղմացրել է:
Նախարարի խոսքով, կառավարությունը ի վերջո սահմանել է, որ եթե 2019 թ. վերջի դրությամբ հարկային պարտավորություններն ընդհանուր առմամբ կատարել է և տեխնիկական անճշտություններով շեղումը մի տոկոսի սահմաններում է, ապա այդ ընկերությունները համարվել են օրինապահ հարկ վճարող:
«Ձեզ մի բան ասեմ, վերջին օրերի ընթացքում երրորդ միջոցառման համար դիմումները զրոյացվել են, այսինքն՝ դա նշանակում է, որ այն կազմակերպությունները, որոնք կարող էին դիմել և օգտվել այդ գործիքից՝ առավելագույն չափով դիմեցին»,- հայտարարեց Տիգրան Խաչատրյանը:
Էկոնոմիկայի նախարարը նշեց նաև, որ ինքը իր պաշտոնից պահանջվող ամեն ինչ արել է և, կարծում է, որ այն բավականաչափ է այդ տեսակետները պաշտպանելու համար:
Լրացնելով իր գործընկերոջը՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ շեշտեց, որ կառավարությունը կռիվ տալու տեղ չէ, այլ հավասարակշիռ որոշումներ կայացնելու պահանջ ու անհրաժեշտություն ունի:
Վերջինս շեշտեց, որ պատգամավորի կողմից առնվազն չեն լսել որևէ հակափաստարկ, որը կհիմնավորեր հարկային արձակուրդի տրամադրման տարբերակը:
Ֆինանսների նախարաը նկատեց, որ պատրաստ են եղել քննարկել հարկային արձակուրդներ տալու տարբերակը, և հավելեց. «Բայց արդյոք վստահ ենք, որ այն լավագույն գործիքն է՝ չեղած, կամ սահմանափակ հնարավորություններն օգտագործելով ամենալավ արդյունքին հասնելու համար: Մեր կարծիքով՝ ոչ»:
Պատգամավոր Արկադի Խաչատրյանը շեշտեց, որ իրենք չեն խոսել համատարած արձակուրդի, կամ ռիսկերի բացակայության մասին, այլ ներկայացրել էին նախագիծ, որում ասվում էր, որ կառավարությունն ինքն է սահմանում առաջնահերթ տուժած ոլորտների և սուբյեկտների այն շրջանակը, որոնք այնքան են տուժել, որ արձակուրդը խիստ անհրաժեշտություն է այդ սուբյեկտների գործունեությունը փրկելու համար:
Հարկային արձակուրդն, ըստ պատգամավորի, ընդամենը 3-6 ամսով հետաձգում է հարկային պարտավորությունների կատարումը և տասնյակ պետություններ գնացել են այդ ճանապարհով, ինչը ճիշտ է: