Երևանում երկու մանկապարտեզների աշխատանքը կասեցվել է
Կորոնավիրուսային(Covid 19) համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՀՀ կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Երևանի վարչական շրջանների մանկապարտեզներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ և այդ խախտումների մասին արձանագրությունները ներկայացվել են պարետատուն:
Կառավարությունից մանրամասնում են, որ ՀՀ պարետի N-113 որոշմամբ ` այսօր 24 ժամով կասեցվել է Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 105 մանկապարտեզի գործունեությունը: Նույն որոշմամբ 7 օրով կասեցվել է նաև Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի գործունեությունը:
Այս մանկապարտեզներում խախտել են սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները` երեխաներն ապահովված չեն եղել ձեռքերի լվացման հոսող տաք ջրով, բացակայել են փակվող աղբամանները, պահպանված չեն եղել սպասքի լվացման կանոնները, ջրի ծորակները արմնկային կամ ոտնակային կառավարման չեն եղել:
ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են կատարել ստուգայցեր՝ տեղերում տրամադրում են խորհրդատվություն և տալիս են համապատասխան ցուցումներ: