2021 թվականը լինելու է կորցրածը վերականգնելու տարի. նախարար
«Մենք հասկանում ենք, երբ աշխարհում փոփոխություններն ավարտված չեն, ցանկացած մասնավոր ներդրող զգուշանում է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով, ներկայումս կառավարությունը պատրաստ է մասնավոր ներդրողների հետ կիսել ռիսկերը։
Նախարարը հիշեցրեց, որ շաբաթներ առաջ կառավարությունը հաստատել է երկարաժամկետ զարգացման փուլի համար առաջին ծրագիրը, որտեղ ասվում է՝ եթե ներդրողը պատրաստ է մեկ միավոր ներդրում կատարել, ապա կառավարությունը պատրաստ է մեկ միավոր միջոց ևս հատկացնել այդ ծրագրի իրականացմանը, պայմանով, որ ևս երկու միավոր կտրամադրեն առևտրային բանկերը։
Հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի երկրից՝ կորոնավիրուսի հասցրած տնտեսական վնասները վերականգնելու համար, Տ. Խաչատրյանը պատասխանեց՝ աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպությունները 2020-ը գնահատում են որպես ամենանվազագույն կորուստներով հաղթահարելի տարի։
«Տարբեր միջազգային կազմակերպություններ կարծում են, որ 3-5% անկում կլինի տարբեր զարգացած և զարգացող տնտեսություններում, և գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները գնահատում են, որ 2021 թվականին նույն այդ տնտեսությունները նույն այդ չափով կվերականգնվեն։ Այսինքն՝ նորից աճի գնահատականները 5%-ի սահմաններում են։ Ես կարծում եմ, որ մենք մեծ բացառություն չենք լինելու աշխարհի մյուս տնտեսությունների համեմատությամբ։ Մենք կփորձենք արագ կողմնորոշվել, և 2021 թվականը լինելու է կորցրածը վերականգնելու տարի, բայց մենք չենք ցանկանում վերադառնալ այն կետին, որտեղից սկսվել է այս ամենը։ Նոր իրականության մեջ մենք պետք է դիրքավորվենք այնպես, որ աշխարհին առաջարկենք այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որոնք մրցունակ և պահանջված են»,- շեշտեց նա։
Նախարարը չժխտեց, որ այս տարի տնտեսությունն անկում է ապրելու, և ենթադրելի է, որ պետք է առավելագույն չափով և թիրախային աջակցության ուժով կազմակերպությունները կարողանան հաղթահարել այս դրությունը, և հաղթահարել նվազագույն կորուստներով.
«Առանց կորուստների հնարավոր չէ դուրս գալ այս ամենից, մենք աջակցելու ենք, որ տնտեսվարողները պահպանեն իրենց պոտենցիալը։ Շատ կարևոր է, որ կազմակերպությունները կարողանան պահպանել այն արժեքավորը, ինչը մեկ օրում չի ստեղծվում»։
Հարցին՝ կլինե՞ն արդյոք ոլորտներ, որոնք չեն կարողանա հաղթահարել ճգնաժամը, Տ. Խաչատրյանը պատասխանեց՝ գուցե լինեն նման ընկերություններ, բայց ոչ ոլորտներ։
Դիտարկմանը, որ վերջերս քննարկվում է կրկին տնտեսական սահմանափակումների գնալու հարցը, նախարարն արձագանքեց՝ կառավարությունը ոչինչ չի բացառում։
«Եթե մենք կարողանանք արագ արձագանքել այն կարգապահությանը, որ պահանջվում է իրավիճակից ճիշտ դուրս գալու համար, և կարողանանք էապես նվազեցնել հիվանդության թվերը, և առաջիկա երկու շաբաթները հաջողությամբ հաղթահարենք, ապա ես հույս ունեմ՝ նման խնդիր չի լինի։ Հակառակ դեպքում կառավարությունը ոչինչ չի բացառի։ Գուցե հանրային շահից ելնելով գնանք որոշակի սահմանափակումների, որոնք կբերեն ավելի քիչ վնասների և կորուստների»,- հստակեցրեց նախարարը։