Դոփելու ենք անընդհատ՝ ունենալով իրավիճակ, որն ինձ գոնե չի բավարարում. Հ. Դանիելյան
«Էկոնոմիկայի նախարարության հետ կապված ծրագրերի առաջին չորս էջում միայն մեկ ծրագիր կար, որն ուներ արդյունքային ցուցանիշ»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։
Նրա խոսքով, որևէ երկրում չկա իդեալական ցուցանիշների համակարգ, բայց դա մշտապես լրամշակվում է, իսկ մեր երկրում անգամ ծրագիր չկա։
«Մի բան է ունենալ ծրագիր և լրամշակումներ անել, այլ բան է՝ ընդհանրապես ծրագիր չունենալը։ Անցյալ տարի մենք մի փուլ անցանք, ես հնչեցրել եմ տասնյակ առաջարկներ, որոնք հիմնականում արժանացել են հավանության, բայց աշնանը նախագիծը եկել է, տեսել եմ, որ առաջարկներս արտացոլված չեն։ Երևի պետք է հանձնաժողովից մեկ հոգի մոնիթորինգ անի՝ տեսնելու, թե հնչեցված ու հավանության արժանացած առաջարկություններն ապագայում արտացոլվո՞ւմ են ծրագրերում, թե՞՝ ոչ։ Այլ կերպ առաջ գնալ չենք կարող, և դոփելու ենք անընդհատ՝ ունենալով իրավիճակ, որն ինձ գոնե չի բավարարում»,- շեշտեց Հ. Դանիելյանը։
Պատգամավորի խոսքին արձագանքեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, ով նշեց՝ Հ. Դանիելյանն արդեն արձանագրում է հանգամանք, որ արել է առաջարկներ, որոնք ընդունվել են, սակայն ծրագրում չեն ներառվել. «Այս դեպքից հետո մենք տվյալ գերատեսչությունից պետք է պարզաբանումներ խնդրենք։ Հիմա ինչպե՞ս պետք է վարվել այդ գերատեսչության հետ, կարծում եմ՝ այն պետք է պատասխանատվություն կրի։ Ինձ թվում է, որ Ձեր արձանագրած փաստի պատասխանատուն այս պարագայում պետք է արձագանքի»։
Հ. Դանիելյանն էլ արձագանքեց, ու մոնիթորինգ անելը մեկ պատգամավորի համար բարդ կլինի։ Մ. Թանդիլյանն էլ հակադարձեց՝ հիմա դուք ունեք արձանագրած փաստ, ի՞նչ պետք է անել։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ, նախքան ֆինանսների նախարարի արձագանքը, հիշեցրեց, որ քննարկվում է 2019 թվականի բյուջեի կատարողականը. «Մենք կարող ենք խիստ վերահսկողություն անել 2020 թվականի բյուջեի ժամանակ»։
Ֆինանսների նախարարն էլ շեշտեց՝ հավակնել, որ առաջին տարում բյուջեի հաստատված ցուցանիշների համար հնարավոր է ունենալ ցանկալի արդյունք, փոքր-ինչ գերագնահատված է։
«Բայց դա պետք չէ ընդունել որպես արդարացում։ Մենք այժմ ստեղծման փուլում ենք, հետևաբար ես առաջարկում եմ թուլացնել կոնկրետ մոտեցումը։ Չեմ կարծում, այլ ճանապարհ, քան այդ ամենը արձանագրելը, կա։ Եթե մենք որևէ առաջարկ հանձնաժողովի նիստում հավանության ենք արժանացնում, չի նշանակում, որ դա պետք է հենց այդ ձևով ծրագրում արտացոլված լինի»,- պատասխանեց Ա. Ջանջուղազյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ունենք մոտավորապես 1.3 մլրդ դոլար միջազգային աջակցություն. Ջանջուղազյան
- Ծախսերին ուղղված հարկային եկամուտները նախատեսվածից 62 մլրդ դրամով ավելի են եղել. Ջանջուղազյան