Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հատուկ ծառայություններից օգնություն է խնդրում
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը դիմել է Պետական անվտանգության ծառայությանը`պահանջելով հետաքննել «սևացման» արշավը, որն իրականացվում է արտգործնախարար Էլմար Մամեդյարովի դեմ: Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ նախկինում մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին հրապարակել Էլմար Մամեդյարովի ընտանիքին պատկանող օտարերկրյա անշարժ գույքի վերաբերյալ, մասնավորապես, ԱՄՆ-ում մի քանի բնակարանները:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան ասել է, որ որպես Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ չի մեկնաբանում անձնական խնդիրները, այնուամենայնիվ, վերջին օրերին ականատես են եղել արտգործնախարարության մասին կեղծ և զրպարտչական տեղեկությունների կանխամտածված տարածման։
Ըստ նրա, քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը պաշտպանված են երկրի Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով:
«Խոսքի ազատությունը ոչ մի դեպքում իրավունք չի տալիս զրպարտել քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը: Անհատական կյանքին միջամտող անձինք, վիրավորական և զրպարտչական տեղեկություններ տարածողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող խնդիրները ռազմավարական նշանակություն ունեն, իսկ կեղծիքի դիտավորյալ և կանխակալ տեղեկությունների տարածումը կարևոր պետական մարմնի մասին լրջորեն սպառնում է ոչ միայն ազգային շահերին, նաև խաթարում է մեր անկախ հանրապետության միջազգային հեղինակությունը: Այս պատճառներից ելնելով՝ մենք անհրաժեշտ ենք համարում հետաքննել այս սևացնող արշավը և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան », - ասել է Լեյլա Աբդուլաևան:
Նշենք, որ օրերս նաև Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացրել էր ԱՄՆ-ում Մամեդյարովի որդուն պատկանող սեփականությունները։