Թորոսյան. «Նոր ծավալումների շնորհիվ դեռ մենք կարողանում ենք նրանց առողջության մասին հոգ տանել»
«Այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր քաղաքացիների թիվը մեծ է, սակայն նոր ծավալումների շնորհիվ դեռ մենք կարողանում ենք նրանց առողջության մասին հոգ տանել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Այնուհետև նա անդրադարձավ կորոնավիրուսից բուժվածների թվին՝ նշելով, որ վերջին օրերին առողջացումների թիվը բավականին բարձր է, օրինակ այսօր՝ 352, մինչդեռ 5-6, 10 օր առաջ ընդամենը մի քանի տասնյակ էին։
«Եթե հիշում եք մայիսի կեսերին մենք որոշեցինք, որ այն քաղաքացիները ովքեր չունեն սիմպտոմներ կամ ունեն թեթև սիմպտոմներ, տեղափոխենք տնային հսկողության և խնամքի, հյուրանոցներում այլևս չպահենք։ Այնպես ստացվեց, որ այդ պահին 1000 հոգի դուրս գրվելով այդ հաստատություններից համակարգում չնշվեցին որպես առողջացածներ և նրանք գնացին տասնչորսօրյա ինքնամեկուսացման իրենց տներում, որպեսզի այդ ժամկետից հետո տնային բժիշկները նրանց համարեին բուժված։ Այդ ամբողջ տասնչորս օրվա ընթացքում մենք բուժված համարել ենք այն քաղաքացիներին, ովքեր դուրս էին գրվում ուղիղ հիվանդանոցներից կրկնակի բասացական թեստավորումով։
Տասնչորսօրյա ինքնամեկուսացման ավարտի մոտենալուն զուգընթաց՝ Առողջության առաջնային պահպանման հաստատությունները ֆիքսում են այդ 14 օրվա ավարտը և այդ քաղաքացիների բուժման հանգամանքը։ Նույնը տեղի է ունենում նաև նոր գրանցված դեպքերի հետ, որոնք չեն ընդունվում հիվանդանոցային համակարգ, այսինքն, ի սկզբանե բուժվում են տանը։ Հետևաբար, հետևություններ անելիս, պետք է հասկանալ, որ սա պարզապես ռազմավարության փոփոխության արդյունք է և ոչ թե հակահամաճարակային պրոցեսի ինչ-որ ճեղքում»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով, այդ թվի մեջ կան քաղաքացիներ, ովքեր դուրս են գրվում հիվանդանոցներից, ծանր ու երկարատև բուժումից հետո, սակայն մեծ տոկոս չեն կազմում։
«Տնային բուժում ստացող քաղաքացիները վերջնական թեստավորում չեն անցնում, նրանք համարվում են բուժված, երբ ավարտվում է տասնչորսօրյա իրենց հսկողությունը, եթե, իհարկե, ընթացքում հոսպիտալիզացիայի կարիք չի լինում և նրանք չեն շարունակում իրենց բուժումը հիվանդանոցային օղակում»,- ասաց Ա. Թորոսյանը։
Նա ընդգծեց, որ այս ցածր թվերից պետք չէ կորցնել զգոնությունը, պետք է շարունակել հետևել կանոններին։
«Մեր ընդհանուր տրամաբանությունը դեռ երկար պետք է մնա վարակի զսպումը, որը կանոններից պահելու զատ գրեթե ոչ մի կերպ հնարավոր չէ։ Այս կանոնները մեզ թույլ են տալու հարաբերականորեն նորմալ մթնոլորտում ապրել դեռ երկար ժամանակ, մինչև կամ վարակը ամբողջությամբ կնահանջի, կամ կունենանք պատվաստանյութը, կամ կստեղծվի դեղորայքային բուժումը»,- ասաց Ա. Թորոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- 09.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
- ԱՆ. Տներում թեստավորելու հարց չի քննարկվում
- 08.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսից 11 հիվանդ է մահացել
- 07.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
- Ինչո՞ւ է նվազում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը
- Հիվանդներին տուն ուղարկելուց մի քանի օր անց միայն ԱՆ-ն հիշեց տնային բուժման խորհուրդների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան