2021-ին Եվրոպայի ողջ մշակութային վերնախավը գալու է Հայաստան
Այս տարի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնական համերգները նախատեսված էին աշնանը։
Panorama.am-ի հետ զրույցում փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանն այս փաստը «բախտավորություն» համարեց, քանի որ ստիպված չէին համավարակի պատճառով հետաձգել արդեն ծրագրած համերգները։ Միայն մայիսի 12-ին նախատեսված դաշնակահար Իվո Պոգորելիչի համերգն է տեղափոխվել հաջորդ տարի։ Սեպտեմբերի 12-ին Հայաստանում ելույթ էր ունենալու աշխարհահռչակ դիրիժոր սըր Ջոն Էլիոտ Գարդիները Մոնտեվերդի երգչախմբի և իր նվագախմբի հետ։
«Իմաստ չունի օրը թողնել ուժի մեջ՝ անգամ եթե համերգային դահլիճները բացվեն։ Նվագախմբի համար պահանջվում է նախնական պատրաստվածություն, ինքնաթիռների վարձույթ, 140 հոգի մարդ է գալու։ Հաջորդ տարվա մայիս ենք տեղափոխել»,- ասաց Ս. Հովհաննիսյանը։
Աշնանը նախատեսված է աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլյասոնի, 11 Գրեմմի մրցանակակիր «Էմերսոն» լարային քառյակի համերգները, սեպտեմբերին Հայաստան է գալու հայկական ծագումով հանրահայտ դիրիժոր Պիտեր Ունջյանը, ելույթ է ունենալու Երևանում և Գյումրիում։
«Այս և մյուս պրոեկտներն ուժի մեջ են, նաև մեր փառատոնի 20-ամյակի հոբեյանական երեկոն»,- ասաց նա։
Փառատոնի գլխավոր մենեջերի խոսքով, հետևում են կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին։
«Փառահեղ համերգներ ունենք աշնանը, ցանկալի է, որ տեղի ունենան։ Հույս ունենք, որ բաց կլինեն համերգասրահները, գուցե ինչ-որ սահմանափակումներով ու փառատոնը կկայանա։ Մարդիկ շատ են գրում, զանգում, հարցում։ Կարծում եմ՝ աշնանը այդ համերգներով կհագեցնենք մշակութային ծարավը»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, եթե հանկարծ համերգները չկայանան, ամեն դեպքում ձևեր կգտնեն ու արդեն հաջորդ տարի կկայանան։
Նա տեղեկացրեց, որ այս տարվա գարնանը Իռլանդիայում պետք է կայանար Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի գագաթաժողովը։
«Ամեն տարի մի փառատոն է հյուրընկալում։ Այս տարի պետք է դրոշը փոխանցվեր Հայաստանին, որովհետև հաջորդ տարի մեզ մոտ է տեղի ունենալու գագաթաժողովը։ Դա մեր տարիների աշխատանքի արդյունքն է, 2013 թվականից սկսած աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի այդ գագաթաժողովը ու միջազգային արվեստի համաժողովը տեղի ունենա Երևանում։ Այդ գագաթաժողովը տեղափոխվել է նոյեմբերի վերջ։ Կարծում եմ՝ կգնանք, կմասնացենք ու այդ պատվավոր դրոշը կբերենք Հայաստան, որը մի տարի կմնա այստեղ։ Շատ երկրներում քաղաքապետերի, մշակույթի նախարարների մակարդակով է արվում, որովհետև Եվրամիության պաշտոնյաներ են գալիս, Եվրոպայի գրեթե բոլոր առաջատար փառատոների ղեկավարներ, գործարարներ, լրատվամիջոցներ,- ասաց Ս. Հովհաննիսյանը։
Նա հայտնեց, որ եղել են այլ թեկնածու փառատոներ, քանի որ ցանկացած երկրի համար ցանկալի է իր մոտ կազմակերպել այդ միջոցառումը։
«Մեր երկրի համար անչափ մեծ գովազդ է լինելու, 400-500 հոգի կգան Հայաստան։ Մեր երկրի համար մշակութային տուրիզմի, Եվրոպայում ճանաչելիությունը մեծացնելու առումով կարևոր իրադարձություն է»,- ասաց նա։
Սոնա Հովհաննիսյանի խոսքով, առաջին անգամ է Հայաստանում նման ծավալի միջոցառում կազմակեպվելու, երբ Եվրոպայի ողջ մշակութային վերնախավը գալու է մեր երկիր։
Հարակից հրապարակումներ`
- «Երևանյան Հեռանկարներ»-ն արժանացել է «EFFE Label 2019-2020» հեղինակավոր տարբերանշանը կրելու պատվին
- «Երևանյան Հեռանկարներ» փառատոնի մեկնարկը կտրվի «The Swingles» վոկալ խմբի համերգով
- «Երևանյան Հեռանկարներ»-ը հյուրընկալելու է 9 Գրեմմի մրցանակակիր «Էմերսոն» լարային քառյակին
- «Երևանյան Հեռանկարներ»-ը Հայաստան է բերելու հայտնի երաժիշտների
- «Երևանյան հեռանկարներ». Հայաստան է գալու աշխարհահռչակ դիրիժոր սըր Ջոն Էլիոտ Գարդիները
- «Երևանյան հեռանկարներ». Երկու գերաստեղ՝ հայկական բեմում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին