Նպատակահարմար չէ տարբեր հարցերով Օմբուսդմենի կառույցների ստեղծումը. Թաթոյան
«2017 թվականի համեմատ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ծախսերը գրեթե երկու անգամ ավելացել են, կուզեի հասկանալ՝ այդ ավելացված գումարներն ի՞նչ ուղղությամբ են ծախսվել»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ դիմելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։
Պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ ժամանակը չէ՞ արդյոք, որ բիզնեսի պաշտպանության համար առանձին կառույց ստեղծվի։
Ի պատասխան Ա. Թաթոյանը կատակելով նշեց՝ այդ դեպքում պետք է յուրաքանչյուր հարցի համար օմբուդսմենի գրասենյակ ստեղծել, որ մեր գործն էլ ավելի թեթևանա։
«Երբ ես ստանձնեցի պաշտպանի պաշտոնը, մեզ տրամադրվող բյուջեն 250 մլն դրամի չափ էր, հիմա արդեն 512 մլն դրամ է։ Բյուջեի մեծացմանը զուգահեռ Սահմանադրությունը մեզ լիազորությունների ավելի մեծ շրջանակ տվեց, և ավելի լայն աշխատանքի ոլորտներ բացվեցին մեզ համար։ Բացի այդ, մենք միակ կազմակերպությունն ենք երկում, որն ունի միջազգային երեք մանդատ, որը մեր առաջ նոր պահանջներ է դնում։ Պետք է ասեմ, որ ֆինանսական մասով Կառավարության հետ աշխատանքի դրական պրակտիկա ունենք, և մեր ամենամեծ աճը՝ գումարային առումով, կապված է 30 նոր հաստիքների հետ, որոնք ստեղծվել են 2017 թվականին»,- ներկայացրեց Ա. Թաթոյանը։
Ինչ վերաբերում է գործարարության պաշտպանությանը, ապա պաշտպանը տեղեկացրեց՝ ՄԻՊ աշխատակազմում ստեղծված է «Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության» բաժինը, որը բավականին լավ արդյունքներ է գրանցում.
«Այն իրականացնում է գործարարության պաշտպանություն, և այստեղ ուղղությունները տարբեր են։ Մենք նոր օրենսդրական փաթեթներ ենք կազմել և ուղարկել ԱԺ, որոնցով նախատեսվում է ֆինանսական ոլորտի նոր համակարգերի ներդրում, որոնք կնպաստեն գործարարության բարձրացմանը։ Իսկ մենք աշխատում ենք կոնկրետ բողոքներով, ամենատարբեր հարցերով»։
Պաշտպանի խոսքով, այդքան էլ նպատակահարմար չէ տարբեր հարցերով օմբուսդմենի կառույցների ստեղծումը, քանի որ դա Հայաստանի նման երկրի դեպքում կհամարվի ռիսկային, և պետք է լուրջ հիմնավորում լինի՝ հիմնական մարմինը թուլացնելու համար։ Բացի այդ ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս, որպեսզի ՄԻՊ լիազորությունները կրկնող ինստիտուտ ստեղծվի։