CEDI. Ուշագրավ զարգացումներ. տնտեսական ցուցանիշները նվազել են, միջին անվանական աշխատավարձը՝ բարձրացել
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019-2020թթ. հունվար-ապրիլ ամիսների միջին ամսական անվանական աշխատավարձի դինամիկային:
Դիտարկվող ժամանակահատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն արձանագրել է 9.3% աճ, իսկ 2020թ.-ի ապրիլը նախորդ տարվա համեմատ` 9.8% աճ: Հետաքրքրական է նկատել, որ միջին ամսական անվանական աշխատավարձն ապրիլ ամսին կազմել է 196,629 ՀՀ դրամ, մինչդեռ մարտին այդ ցուցանիշը եղել է 192,448 ՀՀ դրամ (տե՛ս գծապատկեր 1):
Գծապատկեր 1. Միջին ամսական անվանական աշխատավարձը 2020թ.-ի հունվար-ապրիլին (ՀՀ դրամ) և աճի տեմպը (%) 2019թ.-ի նույն ամիսների համեմատ
Ընդհանուր առմամբ, 2020թ.-ի հունվար-ապրիլին 2019թ.-ի նույն ամիսների համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը 2020թ.-ի հունվար-ապրիլին (մնացած այլ հավասար պայմանների դեպքում) բացատրվում է հետևյալով`
. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների համաձայն` նվազագույն աշխատավարձը 2020թ.-ի հունվարի 1-ից 13,000 ՀՀ դրամով բարձրացել է` կազմելով 68,000 ՀՀ դրամ (կուտակային կենսաթոշակի մասնակիցների դեպքում ամսական անվանական աշխատավարձը 17,449 ՀՀ դրամով է բարձրացել, իսկ ոչ մասնակիցների պարագայում` 16,883 ՀՀ դրամով):
. Օրենսդրական փոփոխության համաձայն՝ շահառուների թիվը շուրջ 237,000 գրանցված աշխատող է (59,000-ը՝ պետական հատվածում, իսկ 178,000-ը՝ մասնավորում):
Սա նշանակում է, որ 2020թ.-ի յուրաքանչյուր ամիս, եթե միջին ամսական անվանական աշխատավարձի կտրուկ կրճատում չարձանագրվի, ապա այդ ցուցանիշները կգերազանցեն 2019թ.-ի համապատասխան ամսվա ցուցանիշին:
Ինչ վերաբերում է 2020թ.-ի ապրիլ ամսվա միջին ամսական անվանական աշխատավարձի 196,629 ՀՀ դրամին, երբ այդ ցուցանիշը մարտին կազմել է 192,448 ՀՀ դրամ, ապա դա բացատրվում է հետևյալով`
.2020թ.-ի ապրիլի միջին ամսական անվանական աշխատավարձի հաշվարկի ժամանակ նախորդ ամսվա համեմատ չեն ներառվել ավելի քան 9,000 կազմակերպության տվյալները, որոնք, համաճարակով պայմանավորված, բոլոր աշխատողներին չվարձատրվող հարկադիր պարապուրդի են ուղարկվել (հիմնականում մինչև 80,000 ՀՀ դրամ միջին ամսական անվանական աշխատավարձ ստացող փոքր և գերփոքր կազմակերպությունների շուրջ 31,000 աշխատող):
Հետևաբար, 2020թ.-ի ապրիլի միջին ամսական անվանական աշխատավարձի հաշվարկի ժամանակ հիմնականում ներառվել են ավելի խոշոր համարվող ընկերությունների տվյալները, որի հետևանքով 2020թ.-ի ապրիլ ամսվա ցուցանիշը գերազանցել է մարտ ամսվա ցուցանիշին:
Ըստ ՀՀ ՎԿ-ի, այդ ընկերությունների տվյալները պայմանականորեն ներառելու դեպքում, 2020թ.-ի ապրիլ ամսվա միջին ամսական անվանական աշխատավարձը կկազմեր 190,292 ՀՀ դրամ, ինչը զիջում է 2020թ.-ի մարտի ցուցանիշին: 190,292 ՀՀ դրամի պարագայում 2020թ.-ի ապրիլի միջին ամսական անվանական աշխատավարձը կգերազանցեր 2019թ.-ի նույն ամսվա ցուցանիշին 6.3%-ով և ոչ թե 9.8%: Սա իր հերթին նշանակում է, որ ընդհանուր առմամբ նվազագույն աշխատավարձի աճին զուգընթաց համավարակի պայմաններում կազմակերպությունների կողմից վճարվող աշխատավարձերը հիմնականում պահպանվել են և կտրուկ կրճատում չի արձանագրվել:
Այսպիսով` չնայած տնտեսության ճյուղերում գրանցվող նվազող ցուցանիշներին, 2020թ.-ին ապրիլի 2019թ. ապրիլի 2020թ. հունվար-ապրիլին 2019թ.-ի նույն ամիսների համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացում է արձանագրվում: