ՄԻՊ-ին բողոքները՝ ոստիկանությանը, առողջապահությանը և կրթությանը
«Արտակարգ դրությունը վեր է հանել խնդիրներ, որոնք մինչ այս գոյություն չեն ունեցել և երբևէ չէին էլ կարող գոյություն ունենալ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, խնդիրներ կան, թե ինչպիսին պետք է լինեն պետության գործողություններն ու արձագանքի սահմանները՝ կարանտինի ռեժիմը խախտելու դեպքում, կամ մարդու աշխատանքային իրավունքի խնդիրները՝ հարկադրված պարապուրդի պայմաններում։
«Հենց սկզբից մենք ունեինք խնդիրներ աշխատավարձի վճարման և պետական սահմանը հատելու և երկրից դուրս գալու հետ կապված։ Այս արտակարգ դրությունը ցույց տվեց նաև մեր Սահմանադրության այն կարևոր կետերը, որոնց մարդիկ ծանոթ չէին, օրինակ՝ մարդու տեղաշարժը սահմանափակող դրույթները, կամ՝ հեռավար կրթության հարցն ու բերված խնդիրները»,- ներկայացրեց պաշտպանը։
Հարցին՝ արդյո՞ք մարդիկ արտակարգ դրության պայմաններում ևս իրենց խնդիրներով դիմում են պաշտպանին, Ա. Թաթոյանը պատասխանեց՝ հունիս ամսվա դրությամբ ավելի շատ են ՄԻՊ բողոքները, քան 2019 թվականի ամբողջ ընթացքում։
«Հունիս ամսվա դրությամբ մենք ստացել ենք նույնքան բողոք, որքան նախորդ ողջ տարվա ընթացքում։ Եթե 2019 թվականին ունեինք 13,140 բողոքի դեպք, հիմա ունենք 13,300-ից ավելի բողոք։ Եվ աշխատակազմն աշխատում է գերծանրաբեռնված, պատկերացրեք՝ ոչ բոլոր աշխատակիցներն են ֆիզիկապես ներկա։ Պետք է ասեմ, որ բողոքների մեծ մասը իրազեկման պակասի հետևանք է։ Արտակարգ դրության ընթացքում սահմանափակումներն արագ եղան, և քաղաքացիները չէին հասցնում հաճախ հետևել և հասկանալ՝ ինչ եղավ։ Այստեղ շատ կարևոր են հանրային իրազեկումները։ Մենք ունենք օրեր, երբ ահազանգերը սովորականից 5-6 անգամ շատ են լինում, սա ռեսուրս է պահանջում, և դրա համար էլ մենք 24 ժամ սկզբունքով ենք աշխատում։ Հիմա մենք միաժամանակ կարողանում ենք 3 զանգ սպասարկել»,- շեշտեց նա։
Հարցին, թե հիմնականում ո՞ր համակարգերից են բողոքները, պաշտպանը պատասխանեց՝ ամեն տարի փոխվում են այդ բողոքները։
«2018 թվականին ամենաշատ բողոքները եղել են ոստիկանությունից՝ պայմանավորված տեղի ունեցող հավաքներով, այս տարի, վստահ եմ, որ բողոքներ են լինելու առողջապահական և կրթության համակարգի հետ կապված։ Նորից եմ ուզում ասել՝ դատական համակարգի հետ կապված բողոքները ստաբիլ են։ Շատացել են դատական քաշքշուկները, և դատարանների մասով հնարավոր լուծումներ ունենալու համար ես դիմել եմ ՍԴ՝ վիճարկելով այն պրակտիկան, որ ունենք, օրինակ՝ գործը կարող է ողջամիտ ժամկետը խախտելով, տարիներով ձգվել, որի արդյունքում կարող է մարդը տուժել»,- եզրափակեց խոսքը Ա. Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արդարադատությունը պետք է լինի համարժեք հատուցվող համակարգ. Ջանջուղազյան
- Նպատակահարմար չէ տարբեր հարցերով Օմբուսդմենի կառույցների ստեղծումը. Թաթոյան