Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղցին այսօր նշում է Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օրը։
Դիոկղետիանոս կայսեր օրոք Ս. Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս. Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում, և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան:
Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին:
Գայանեին չարչարել են, գլխատել: Նրա մարմինը Ս. Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքներով: Հետագայում, հենց այդ վկայարանների տեղում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները:
Qahana.am-ը գրում է, որ Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի օրերին նրանց անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ