Գևորգ Կոստանյան. ՄԻԵԴ-ն ասաց՝ Սահմանադրական դատարա՛ն, քո երկրի պրակտիկայից չշեղվես
ՀՀ երկրորդ նախագահի ու մյուսների գործով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի արձագանքելու փաստը խիստ անհագստացրել ու խիստ մտահոգել է նախկին գլխավոր դատախազ, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին։
Հայկական երկրորդ հեռուստալիքի «Խոսքի իրավունքը» հաղորդմանը տված օնլայն հարցազրույցում Կոստանյանը երկու պատճառ նշեց։
«Առաջին. ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի միակ ու բացառիկ հասցեատերը Սահմանդրական դատարանն է, և հենց Սահմանդրական դատարանն է իրավասու որևէ գնահատանքի արժանացնել Եվրոպական դատարանի այս որոշումը։ Երկորդ. Գլխավոր դատախազը, և դատախազությունն ընդհանրապես տվյալ իրավահարաբերության սուբյեկտ չի հանդիսանում, հետևապես նա ընդհանրապես իրավասու չէ քննարկման առարկա դարձնել Եվրոպական դատարանի այդ մոտեցումը։ Այդ տեսանկյունից գլխավոր դատախազի հայտարարությունը մեկնաբանելը, կարծում եմ, ժամանակի անիմաստ վատնում է»,-մանրամասնեց իրավաբանը։
Ինչ վերաբերում է ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքին, ապա ըստ Կոստանյանի, այն չի կարելի մեկնաբանել, այն պետք է թարգմանել, իսկ Սահմանդրական դատարանը կիրառի և տեղայնացնի։
«ՄԻԵԴ խորհրդատվական այս կարծիքը մեկնաբանելու անհրաժեշտություն չկա մի պարզ պատճառով, որովհետև եվրոպական դատարանն իր կարծիքում հստակ սահմանել է այն բանաձևերը, սկզբունքները, մոտեցումները, որոնք Սահմանադրական դատարանը պետք է կիրառի։ Ինչ մեկնաբանություն էլ անեն օրինակ փաստաբանական կողմը, պետական մարմինները, ես կամ որևէ այլ մեկը, դա զրո նշանակություն ունի»,-ասաց ՄԻԵԴ-ում աշխատած իրավաբանը։
Նրա խոսքով, Եվրոպական դատարանը շատ հստակ կարծիք է հայտնել։
«ՄԻԵԴ-ն իր որոշումը հիմնավորել է դատական նախադեպեր վկայակոչելով, կոնկրետ գործերով ՄԻԵԴ վճիռներ վկայակոչելով։ Այդպիսով եվրապական դատարանն արդեն սահմանափակել է Սահմանադրական դատարանի լիազորություններն այդ նախադեպերի շրջանակներից դուրս գալու հարցում։ Սահմանադրական դատարանը, ինչքան էլ ցանկանա, չի կարող դուրս գալ ՄԻԵԴ մատնանշած նախադեպերից։ Իսկ դրանք շատ հստակ են, անգամ մեկնաբանության կարիք չունեն, 50 տարվա ընթացքում ձևավորված դատական մոտեցումներ են, եթե փորձեն այլ կերպ մեկնաբանել, ապա կհակադրվեն ՄԻԵԴ դիրքորոշմանը՝ դրանից բխող իրավական ու իրավաքաղաքական հետևանքներով»,-մանրամասնեց նա։
ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի բովանդակությունը, Գ. Կոստանյանի խոսքով, շատ կարևոր է։ Ըստ նրա ՄԻԵԴ-ն ասել է՝ եթե Քրեական օրենսգրքի հոդվածում հղում կա մեկ այլ իրավական ակտի, այս պարագայում Սահմանադրությանը, ապա նշանակում է, որ որոշակիության ու հստակության սկզբունքը պետք է կիրառելի լինի նաև Սահմանադրության այդ նորմերի նկատմամբ։
«Այս դեպքում ակնհայտ է, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հղում է անում Սահմանդրության 1-6 հոդվածները, որոնք ընդունվել են 2015 թվականին, իսկ 2008 թվականին դրանք առնվազն այդ հերթականությամբ ու որոշակի բովանդակության էական տարբերությամբ գոյություն չեն ունեցել։ Հետևաբար, այդ հոդվածի որոշակիության ու կանխատեսելիության մասին խոսելն անընդունելի է։ Այսինքն, ՄԻԵԴ այս մոտեցումը, նախադեպերի վկայակոչումը, ըստ էության, հարցն ի սկզբանե փակել են։ Այստեղ վեճ լինել չի կարող»,-ասաց նա ՝ ընդգծելով, որ մեկնաբանումն անընդունելի է ու անօգուտ։
Կոստանյանն ընդգծեց ՄԻԵԴ-ի կողմից սահմնաված ևս մեկ սահմնափակում՝ կապված տվյալ նորմի կիրառման պրակտիկայի հետ։
«Այսինքն, ոնց դու քո երկրում կիրառել ես 300.1 հոդվածը և ինչ պրակտիկա ձևավորվել է, դրանից շեղում թույլ տալ չի կարելի։ Իսկ Հայաստանում 300.1 հոդվածի պրակտիկան մեկն է, երբ 2009 կամ 2010 թվականին դատախազությունը հրաժարվեց մեղադրանքից ու դատարանը ադարացրեց դատավարության մասնակիցներին, կարճեց գործի վարույթը։ Այսինքն, մենք ունենք պրակտիկա։ Այսինքն, ՄԻԵԴ-ը սահմանեց կանոն, Սահմանդրական դատարան, քո երկրի պրակտիկայից չշեղվես»,-ընդգծեց իրավաբանը։
Հիշեցնենք, որ խոսքը «Յոթի գործ» անունով հայտնի քրեական գործի մասին է, երբ 2008 թվականին Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին մեղադրանք էր առաջադրվել նաև Հայաստանի քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով։ Գործը հետագայում կարճվել է։
Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն ընդունվել է 2009-ին, այն վիճակը վատթարացնող նորմ է, ըստ իրավաբանների, չի կարող հետադարձ ուժ ունենալ։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ը հանդես է եկել ՀՀ նախկին նախագահի օգտին․ Вести.Ru
- Սևակ Թորոսյան. Պետք է պարզապես 300.1 հոդվածը ջնջվի Հայաստանի քրեական օրենսգրքից
- «Իմ Ձայնը». ՄԻԵԴ որոշումը՝ արդարադատության հաղթանակ
- Գոռ Հովհաննիսյան. ՔրՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել
- Էդվարդ Ֆիցգերալդ. ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային է
- Գլխավոր դատախազությունը՝ ՍԴ դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի մասին
- Արամ Վարդևանյան. ՄԻԵԴ փաստաթղթում մենք տեսնում ենք 300.1 հոդվածի անհստակություն
- Սարգիս Գրիգորյան. ՄԻԵԴ-ը տվել է նպատակներն ու սահմանները, որոնցով պետք է առաջնորդվի ՍԴ-ն
- Գլխավոր դատախազը՝ յոթի գործը վերաբացելու Ալումյանի առաջարկի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան