Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» գործը լույս է տեսել բնագրային թարգմանությամբ
Առաջին անգամ բնագրից՝ գերմաներենից, հայերեն է թարգմանվել 20-րդ դարի ամենահայտնի և ընթերցվող հեղինակներից մեկի՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպը:
Այն հունիսի 9-ից հայ ընթերցողի սեղանին է: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը, թարգմանիչն է Վանուհի Բաղմանյանը։
«Վանուհի Բաղմանյանի թարգմանությամբ վերջին տարիներին ընթերցողին ենք ներկայացրել մեծանուն գրողի «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա», «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գործերը։ Հերթը Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպինն է, որն առաջին անգամ՝ 1959 թ., հատվածաբար լույս է տեսել համբուրգյան Kristall ամսագրում՝ Geborgtes Leben՝ «Կյանքը՝ պարտքով» վերնագրով։ 1961 թ. լույս է տեսել գրքի ձևաչափով՝ «Երկինքն ընտրյալներ չունի» վերնագրով»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը՝ հավելելով, որ ընդամենը մեկ ամիս առաջ ընթերցողի դատին են հանձնել Ռեմարկի «Սև կոթողը»՝ Աննա Ռոստոմյանի թարգմանությամբ։
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունից մանրամասնում են, գրքի հերոսը՝ 50-ական թվականների սկզբին արդեն տարեց ավտոմրցարշավորդ Քլեղֆեն առողջարանում այցելում է իր երբեմնի գործընկերոջը, որ երկար ժամանակ էր, ինչ բուժվում էր թոքախտից։
Այնտեղ նա ծանոթանում է ծանր հիվանդ Լիլիանին։ Վերջինս, որ արդեն տարիներ ի վեր արհամարհանքով էր վերաբերվում առողջարանի միօրինակ կենցաղին, խիստ կարգուկանոնին ու ձանձրույթին, օգտագործում է առիթն ու փախչում Քլեղֆեի հետ։
Միակ բանը, որ միավորում էր երկուսին, ապագա չունենալն էր․ Քլեղֆեն ապրում էր միայն մրցարշավից մրցարշավ՝ ամեն անգամ սպրդելով մահից, իսկ Լիլիանի կյանքն ամեն վայրկյան վտանգված էր թոքախտից։ Փարիզում, Հռոմում և Մոնտե Կառլոյում նրանք ապրեցին իրենց բաժին ընկած կարճատև կյանքը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա