Հիվանդանոց չհասցնելու պատճառով մահացածների դեպքում քրեական վարույթ պետք է հարուցվի. Զոհրաբյան
«Վարչապետը հայտնեց, որ երկու անձ առնվազը մահացել է, քանի որ չեն հասցրել տեղափոխել վերակենդանացման բաժանմունք այն պարզ պատճառով, որ, ըստ վարչապետի, հիվանդանոցներում տեղ չի եղել»,- խորհրդարանում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և Մարդու իրավունքի պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե արդյոք քրեական վարույթ հարուցվել է դեպքի մասով:
Պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանի Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պետությունը ստանձնել է պարտավորությություններ՝ երաշխավորելու մարդու կյանքը և հետաքրքրվեց, թե այդ մահվան դեպքերով ինչ գործընթացներ են սկսվել:
Արման Թաթոյանը հայտնեց, որ այդ դեպքերի հետ կապված դիմել է պարետատանը, քանի որ տեղեկատվություն է անհրաժեշտ պաշտոնական եզրակացություններ կատարելու համար:
Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ հիվանդանոց չհասցնելու պատճառով մահացածների դեպքում քրեական վարույթ պետք է հարուցվի, քանի որ գործ ունեն մարդկային կյանքերի հետ:
«Որպես Մարդու իրավունքների պաշտպան, իմ կողմից այս պահին ժամանակավրեպ կլինի քրեական վարույթի մասին խոսելը, և իրավասության ծավալի առումով առնվազն ճիշտ չի լինի, որպեսզի ես հիմա կանխակալ գնահատականներ հնչեցնեմ»,- հայտնեց օմբուդսմենը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ հիշեցրեց, որ վարչապետն իր այդ ելույթում նաև ասել է՝ մահվան պատճառ է եղել այն, որ հիվանդների հարազատներն ուշ են արձագանքել:
Նաիրա Զոհրաբյանը նաև օմբուդսմենից հետաքրքրվեց, թե Կապանի հայտնի դեպքերի և դիմակ չկրելու համար քաղաքացուն բերման ենթարկելու մասին համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ինչ գործընթաց է իրականացվում:
Նրա խոսքով, դիմակ կրելու հետ կապված պարետի որոշումները միանշանակ ճիշտ են, դրանք փրկելու են կյանքեր, բայց այն ոստիկանի կողմից քաղաքացիների հանդեպ անհամաչափ ուժ կիրառելու պատճառ չպետք է լինի:
Արման Թաթոյանը Կապանի դեպքով հայտնեց, որ այն դետալականացման առումով այնպիսի տվյալներ է պարունակում, որ պահանջում են քրեական վարույթի իրականացում:
Օմբուդսմենը հատնեց, որ այդ դեպքով հարուցվել էր քրեական վարույթ և ՄԻՊ աշխատակազմում բացվել է գրավոր ընթացակարգ:
Ինչ վերաբերում է տեսանյութին, Արման Թաթոյանն ասաց, որ դիմակ չկրելու համար ոստիկանություն բերման ենթարկելու դեպքի տեսանյութը հրապարակային ուսումնասիրվել է և աշխատակազմին հանձնարարվել է այցելել ոտիկանության բաժին՝ տեսակցելու բերված ենթարկվածին և ծանոթանալու փաստաթղթերին:
Նա նկատեց, որ ոստիկանությունն ունի հատուկ ուժ գործադրելու, նաև ձեռնաշղթա հագցնելու հնարավորություն, բայց ՄԻՊ-ը պարբերաբար ուղերձ է հղում, որ պետության արձագանքը պետք է լինի համաչափ այն իրավախախտմանը, որը կատարվում է:
Օմբուդսմենը նաև նշեց, որ բերման ենթարկվածների փաստաբանները հայտնել էին՝ կներկայացնեն բողոք, բայց որքան տեղյակ է, բողոք դեռ չեն ներկայացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան