Արդարադատությունը պետք է լինի համարժեք հատուցվող համակարգ. Ջանջուղազյան
«Շատ դեպքերում քաղաքացին դժգոհ է դատական գործի ձգձգումներից, քանի որ յուրաքանչյուր դատավորի մոտ տարեկան 1700-ի հասնող գործ կա։ Ինչպե՞ս կարող ենք այս խնդիրը լուծել»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։
Պատգամավորը տեղեկացրեց, որ հիմա վարչական դատարանները գործ են ընդունում վարույթ, և նիստը նշանակում 2021 թվականի վերջին. «Ո՞նց պետք է այս խնդիրը լուծենք»։
Արձագանքելով բարձրացված խնդրին՝ Ա. Ջանջուղազյանն ասաց, որ հարուցված գործերի թվի մասին տեղեկություն ինքը չունի։
«Ենթադրվում է՝ այստեղ առաջին քայլը, որ պետք է արվի, վերլուծության արդյունքում ախտորոշելն է՝ ինչու ենք այդ իրավիճակում։ Եթե մենք միայն մի լուծում, կամ լուծման մի տարբերակ դիտարկենք, օրինակ՝ հաստիքների ավելացումը, ապա դա կարող է և չբերել ցանկալի արդյունքի։ Որպեսզի մենք վստահ լինենք, որ լուծման ճիշտ տարբերակ ենք քննարկում, պետք է ճիշտ ախտորոշած լինենք իրավիճակը»,- նշեց նա։
Ըստ ֆինանսների նախարարի, արդարադատությունը պետք է լինի համարժեք հատուցվող համակարգ. «Պետական տուրքն ունի նպատակ, և ենթադրվում է, որ դա բացառիկ մենաշնորհների համար գանձվող վճար է, որի հաշվին պետք է կազմակերպվեն այդ ծառայությունները։ Եթե մենք դիտարկենք տուրքի գանձվող մեծությունը և արդարադատության համակարգի համար արվող ծախսերը, դրանց մեջ մեծ տարբերություն կա»։
Նա տեղեկացրեց, որ հազար դրամից մինչև միլիարդավոր դրամների հետ կապված գործերն ունենում են նույն ընթացակարգերը, և դա էլ ծանրաբեռնվածություն է առաջացնում, մինչդեռ շատ հաճախ այդ նույն հազար դրամների հետ կապված վեճի կողմերը վաղուց արդեն համաձայնեցված են լինում, բայց միևնույն է, ամբողջ դատական գործընթացով անցնում են։
«Մենք պետք է դիտարկենք բոլոր տարբերակներն ու մոտեցումները։ Մենք պետք է ախտորոշում անենք, և գուցե արդյունքում պարզվի, որ իրոք հաստիքների պակաս էլ կա համակարգում, բայց միայն այդ ուղղությամբ մտածելը ռիսկ է պարունակում, որ մենք այդուհանդերձ կարող ենք վերջնարդյունքի տեսանկյունից չունենալ ներդրման դիմաց ակնկալվող արդյունքը»,- պատասխանեց նախարարը։
Վ. Վարդանյանն էլ համաձայնեց, որ բոլոր դատական գործերի համար սահմանված 4000 դրամ պետական տուրքը այնքան էլ իրավաչափ չէ ծախսերի հետ համեմատած, բայց անկախ մարդու ֆինանսական դրությունից, պետությունը պետք է արդյունավետ արդարադատություն իրականացնի։
«Եթե տուրքային աստիճանը բարձրացնենք, խնդիրը չի լուծվի։ Այդ դեպքում էլ քաղաքացիները չեն դիմի դատարան, ինչը էլի ծայրահեղ մոտեցում կլինի։ Մենք պետք է ինչ-որ այլ լուծում գտնենք»,- վստահեցրեց Վ. Վարդանյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննակրում է 2019 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարողականը։ Այսօր քննարկման սեղանին պետության կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին ուղղված միջոցներն են։
Հարակից հրապարակումներ`
- Հիվանդանոց չհասցնելու պատճառով մահացածների դեպքում քրեական վարույթ պետք է հարուցվի. Զոհրաբյան
- Մարդու իրավունքների պաշտպանության համար պետությունը նախորդ տարի 513 մլն դրամ է ծախսել
- Ատոմ Ջանջուղազյանն առաջարկում է եկամտահարկից չֆինանսավորել Երևանի որոշ գոտիներում բնակարանների հիպոթեքային վարկերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան