Մայիսի 9-ի փողոցում հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքով հոսպիտալացված 28-ամյա երիտասարդը մահացել է
Հունիսի 9-ին, ժամը 17.15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցում կրակոցներ են հնչել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Րոպեներ անց բաժնում հաղորդում է ստացվել արդեն «Շենգավիթ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 28-ամյա երիտասարդ, որը մահացել է։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են տարբեր հրազենների կրակված պարկուճներ, գնդակներ և այլն։
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։