
Այո, արտակարգ դրությունը կերկարացվի.Նիկոլ Փաշինյան
Արտակարգ դրության երկարացման հավանականությունը մեծ է: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ , այո, արտակարգ դրությունը կերկարացվի»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով քաղաքացիների դժգոհություններին առ այն, որ պոլիկլինիկաներում սպասարկումը թերի է և արդյունավետ չեն աշխատում, վարչապետն արձագանքեց.
«Առհասարակ ամենամեծ առողջապահական խնդիրը առողջության առաջնային օղակների արդյունավետության բարձրացման մեջ է եղել: Այստեղ առաջնորդվում ենք ճնգնաժամը՝ որպես հնարավորություն հայեցակարգով և հույս ունենք,որ լուրջ ներդրումներ կանենք պոլիկլինիկական համակարգում ՝ ուժեղացնելով այն: Կունենանք ավելի դիվերսիֆիկացված առողջապահական համակարգ: Ամեն օր ավելի քիչ ահազանգեր ենք ստանում»,-ասաց վարչապետը միևնույն ժամանակ անդրադառնալով բուժաշխատողների աշխատավարձերին. տեղեկացրեց, որ դեռ նախորդ տարվանից շատ աշխատողների, այդ թվում ՝ պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերը բարձրացվել են, սակայն այդ հարցը այժմ էլ քննարկվում է: