Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Վաղարշապատի համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում հայտնաբերված առերևույթ չարաշահումների մի շարք հանգամանքներ:
ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի կազմակերպչական և սպասարկման բաժնի պետը, միաժամանակ հանդիսանալով «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության անդամ, անձնական այլ շահագրգռվածությունից և անդամակցած հասարակական կազմակերպության հետ ունեցած խմբային շահերից ելնելով, 2008 թվականից մինչև 2017 թվականը ներառյալ, ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, Սպիտակի երկրաշարժի տարելիցի և Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ծաղկեպսակներ գնելու պատվերներ կատարելիս, Վաղարշապատի համայնքապետարանի կարիքների համար իրականացվող գնումների շրջանակներում, ծաղիկների վաճառքով զբաղվող ԱՁ-ից պատվիրել է երկու ծաղկեպսակ, որոնցից մեկը` համայնքապետարանի, իսկ մյուսը՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի անունից ներկայացնելու համար։
Պատվիրված բոլոր ծաղկեպսակների համար հաշիվը ներկայացվել ու վճարվել է Վաղարշապատի համայնքապետարանի բյուջեից, ինչի հետևանքով նշված համայնքապետարանին պատճառվել է խոշոր չափերի՝ ընդհանուր 750.000 ՀՀ դրամի էական վնաս։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական դիրքի չարաշահում) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան