Իրանագետ. Արտաքին հարաբերություններում պետք չէ առաջնորդվել սնապարծությամբ
Թեհրանում Հայաստանի դեսպանության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի պատճառների, հնարավոր հետևանքների, հայկական կողմի անելիքների մասին Panorama.am-ը զրուցել է իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ։
Panorama.am -Պարոն Ոսկանյան, իրանական մամուլն ինչպե՞ս անդրադարձավ բողոքի ակցիային։
Վարդան Ոսկանյան-Իրանական մամուլում բավական ակտիվորեն տարածվել է Հայաստանի դեսպանատան դիմաց բողոքի ցույցի վերաբերյալ տեղեկատվությունը։ Դա արվել է նաև Իրանի պետական հեռուստաընկերության կողմից, ինչը ցուցիչ է այն բանի, որ ըստ էության ցուցարարները, թեև այդ մասին չի բարձրաձայնվում, արտահայտում էին Իրանի պետական շրջանակների կարծիքները։
Panorama.am -Ովքե՞ր են եղել ցուցարարների թվում՝ ՀԿ-ների ներկայացուցիչնե՞ր, ակտիվիստնե՞ր...
Վարդան Ոսկանյան-Իրանական լրատվամիջոցները մոտ երեսուն ցուցարարներին ներկայացնում են որպես ուսանողներ։ Չեն եղել հակահայկական հայտարարություններ, նաև պաստառները հակահայկական լոզունգներ չեն պարունակել, չի այրվել Հայաստանի դրոշը։ Կարգախոսները կրել են հակաիսրայելական, մասնակիորեն նաև հակաամերիկյան, հակաբրիտանական բնույթ։ Նրանք բողոքել են Հայաստանի կողմից իսրայելական դեսպանատան բացման վերաբերյալ, նամակ են հանձնել Հայաստանի դեսպանատանը՝ անհանգստություն հայտնելով Իսրայելի հետ հարաբերությունների խորացմամբ։
Եթե փորձենք մեկնաբանել իրադարձությունը, ակնհայտ է, որ Իրանի ներսում՝ նաև պաշտոնական շրջանակներում կա լուրջ մտահոգություն Հայաստան-Իսրայել հարաբերությունների խորացման վերաբերյալ, այն դիտարկում են որպես ազդակ Հայաստանում հակաիրանական գործողությունների։ Կարծում եմ՝ այս մտահոգությունը արագ ու որակյալ կերպով պետք է փարատվի։ Ծագած խնդիրը շատ արագ պետք է հարթվի, կարիք չկա լրացուցիչ բացատրելու, թե ինչ կարևոր նշանակություն ունի Իրանը Հայաստանի քաղաքական, տնտեսական, անվտանգության համակարգերի համար։ Մեր հարավային հարևանի հետ հարաբերությունն ապահովում է մեր անվտանգության որոշակի հատված, խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև Արցախի Հանրապետությանը։ Հետևաբար դիվանագիտական խողովակներով այս կնճիռները պետք է հարթվեն։
Panorama.am -Սպասելի՞ էր Իրանի կողմից նման քայլը։
Վարդան Ոսկանյան-Իսրայելում Հայաստանի դեսպանության բացման իրանական արձագանքը բավականին կոշտ էր, և դա երևում էր որոշ ժամանակ առաջ իրանական ԶԼՄ-ներում հրապարակված նյութերից։ Իրանցիները ենթադրում են և ունեն մտավախություն առ այն, որ Իսրայելը վարում է Իրանի շրջափակման քաղաքականություն։ Դրա շրջանակներում հերթականը Հայաստանն է։
Նման քայլի գնալուց առաջ Հայաստանը պետք է մեր բոլոր գործընկերների հետ տաներ որոշակի աշխատանք, որպեսզի մենք չունենայինք նման արձագանք։ Ակնհայտ է, որ նման արձագանքները որոշակի դառը նստվածք են թողնում հայ-իրանական հարաբերություններում, ինչը չի բխում ոչ Հայաստանի, ոչ էլ Իրանի շահերից, ձեռնտու է մեր հանդեպ թշնամական հարաբերություններ ունեցող որոշ պետությունների համար, ակնհայտ է, որ այս հանգամանքն օգտագործվում է նաև այդ պետությունների՝ Ադրբեջանի, Թուրքիայի կողմից։ Ավելի կշռադատված և հավասարակշիռ մոտեցումներ են պետք այս հարցում, քանի որ Հայաստանը երբևիցե չպետք է հայտնվի Իրան-Իսրայել հակամարտության առաջնագծում կամ չպետք է դառնա հարթակ նման հակամարտության համար։
Մենք ունեինք Իսրայելի հետ հարաբերությունների որոշակի մակարդակ, և դա ընկալելի ու ընդունելի է Իրանի և մեր մյուս գործընկերների համար։ Հիշեցնեմ, որ Հայաստանն ունի հարաբերություններ նաև արաբական երկրների հետ, որոնք չեմ կարծում, որ խնադավառ են հայ-իսրայելական հարաբերություններ խորացմամբ։
Այստեղ նաև հաղորդակցության խնդիր կա։ Պետք է մեր հասարակությանը հստակորեն ներկայացվի, թե Հայաստանն ի՞նչ է շահում այս գործակցությունից, ի՞նչ կարող է կարցնել և ի՞նչ հնարավոր մարտահրավերների առաջ կարող է կանգնել։
Panorama.am -Կարո՞ղ ենք եզրակացնել, որ խնդիրը դիվանագիտական թերի աշխատանքի հետևանք է։
Վարդան Ոսկանյան-Ես իմ կարծիքները ներկայացնում եմ և հարկ չեմ համարում գնահատել որևէ մեկի աշխատանքը, բայց այս պարագայում աշխատանքի արդյունքներն ակնհայտ են, և պետք է այդ արդյունքերը հնարավորին արագ կարգավորվեն, որովհետև մենք չենք կարող խնդիրներ ունենալ մեր երկու բաց սահմաններին՝ Իրանի հետ ու Վրաստանի հետ։ Այդ խնդիրը, ես կրկնում եմ, բավականին արագ ու որակյալ կերպով պետք է կարգավորվի, որպեսզի հետագայում չունենանք դառը նստվածք թողնող նման իրադարձություններ։
Panorama.am -Չե՞ք համարում, որ Իրանում տեղի ունեցած ակցիան Հայաստանի ներքին գործերին միջամտության փորձ է։
Վարդան Ոսկանյան-Ընդհանրապես ցանկացած երկիր իր քաղաքականությունը վարում է՝ հաշվի առնելով իր հնարավարությունները։ Եթե Հայաստանի Հանրապետությունն ունի հնարավորություն կարգավորելու այս խնդիրը Ձեր նշած տրամաբանությամբ, ապա կարող է դա անել։ Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ Հայաստանը նման հնարավորություն չունի։ Այսօր այդ հնարավորությունն աշխարհում չունեն շատ երկրներ, նրանք ընդհանրապես խուսափում են Իրանի հետ լրացուցիչ խնդիրներ ունենալուց։ Իրանի հետ լրացուցիչ խնդիրներ ունենալուց խուսափում է նաև աշխարհի համար մեկ գերտերությունը։ Հետևաբար ցանկացած մոտեցում նաև արտաքին քաղաքականության համատեքստում պետք է հիմնված լինի ոչ թե սնապարծության, այլ սեփական հնարավորությունների իրական հաշվարկների վրա։ Հակառակ պարագայում սնապարծությունը կարող է բերել վատ ու դժվար կառավարելի հետևանքների։
Panorama.am -Ստեղծված իրավիճակում որո՞նք պետք է լինեն Հայաստանի քայլերը։
Վարդան Ոսկանյան-Հնարավորին արագ դիվանգիտական ու չերևացող այլ խողովակներով կարգավորել հարցն ու ի վերջո լուծում տալ այս խնդրին, որին պարբերաբար ականատես ենք լինում ԶԼՄ-ներում, արդեն բողոքի գործողությունների մակարդակում։ Սա չի բխում ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ Իրանի Իսլամական Հանրապետության շահերից ու ընդհանրապես մեր երկու պետությունների միջև անկախությունից ի վեր գոյություն ունեցող բարեկամական ու ջերմ հարաբերությունների տրամաբանությունից։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի, Իսրայելի և մեր ընտրության մասին․ Սուրեն Սարգսյան
- Բողոքի ցույց Թեհրանում՝ Հայաստանի դեսպանության դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան