Վրաստանից գնված արհեստական շնչառություն ապահովող սարքերի թիվը հասավ 50-ի. Aliq.ge
Վրաստանում թթվածնային խտացուցիչների գնման գործընթացը շարունակվում է: Այս մասին գրում է Aliq.ge-ն։
«Հայաստանի ընկերներ-Վրաստան» նախաձեռնությանը նորանոր մասնակիցներ են ավելանում: Վրաստանից գնված արհեստական շնչառություն ապահովող սարքերի թիվը հասավ 50-ի:
Եվս 23 սարք է գնվել, որոնցից 12-ը Լյուքսեմբուրգի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների ֆինանսական աջակցությամբ: Նրանք ցանկացել են անհայտ մնալ: 8 շնչառական սարք գնվել է «Caritas Georgia»-ի կողմից: Մեկական սարք ձեռք է բերվել Բելգիայի մի քանի հայերի, Ջավախքում գործող «Jnews» լրատվականի և ջավախահայ մեկ գործարարի ֆինանսական աջակցությամբ:
Նշենք, որ կոնցենտրատորների խմբաքանակը Թբիլսիում սպառվել է, այս պահին սարքերի մի մասը ձեռք է բերվել Քութայիսիից, մյուսը՝ Մցխեթայից: Շարունակում ենք փնտրել սարքեր պատվիրելու ու դրանք գնելու տարբերակներ: Նոր ձեռք բերված սարքերը նախկինների նման, սահմանին կփոխանցվեն Հայաստան համահայկական հիմնադրամին և ապա կտեղայնացվեն Առողջապահության նախարարության կողմից:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ 27 շնչառական սարք է ուղարկվել Հայաստան, որոնք արդեն ծառայում են նպատակին: Նույն օրը նաև 3000 դիմակ է ուղարկվել՝ թբիլիսահայ գործարարներից մեկի կողմից:
Զուգահեռ ընթացքի մեջ է նաև «Մեկ դիմակ՝ մեկ կյանք» դրամահավաքը: GE03BG0000000345892183 հաշվեհամարին (ստացող` Արշակ Բադալյան) մարդիկ գումար են փոխանցում, որով դիմակներ են գնվելու ՀՀ-ում բնակվող սոցիալապես անապահով խմբերի համար:
Հարակից հրապարակումներ`
- Աչքիդ առաջ հիվանդները սկսում են շնչահեղձ լինել. բժիշկ
- Բարդություններ կան շնչառական համակարգեր գնելու և ներմուծելու հարցում. Արշակյան
- Տարբեր տեղերից հայտնաբերված և վերականգնված 10 շնչառական սարք ունենք այս պահին. Արշակյան