Առաջարկվում է վեց ամսով հարկային արձակուրդ տրամադրել կորոնավիրուսից խոցված ոլորտներին
«Ենթադրում ենք, որ համավարակի պայմաններում առավել խոցված ոլորտներին առնվազն վեց ամսով հարկային արձակուրդ պետք է տրամադրվի»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նրա խոսքով, այդ ոլորտները վերաբերում են զբոսաշրջությանը, հյուրանոցային բիզնեսին, սննդի կետերին, գեղեցկության սրահներին և նմանատիպ այլ ծառայություններին։ Պատգամավորը տեղեկացրեց նաև, որ իրենց առաջարկով պետք է նաև երեք ամսով շահութահարկից ազատել մետաղաքար արդյունահանող ոլորտներին՝ բացառությամբ ոսկու արդյունահանման ոլորտին։ Այստեղ հաշվի են առնվում նշված ոլորտներում եղած գնանկումները։
«Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2020 թվականի մարտի մեկի դրությամբ գոյություն ունեն 153 զբոսաշրջային ծառայություն իրականացնող ընկերություններ, որ աշխատում են ԱԱՀ ռեժիմով, կան նաև 404 ընկերություններ, որոնք շրջանառության հարկով են աշխատում։ Կան նաև 155 հյուրատներ, որոնք աշխատում են ընդհանուր հարկման ռեժիմով, և 332-ը՝ շրջանառության հարկի ռեժիմով»,- ներկայացրեց պատգամավորը։
Մ. Մելքումյանը տեղեկացրեց, որ կառավարության աջակցության երրորդ ծրագրից օգտվել է 812 շահառու՝ ստանալով 9.2 մլրդ վարկ, ընդ որում, հյուրանոցային համակարգը հանրային սննդի ոլորտի հետ է կապված և նշված է՝ 221 ձեռնարկություն ստացել է 2.2 մլրդ դրամ գումար.
«Տուրիզմի բնագավառում ընդամենը 43 ընկերություն կա, և ստացված գումարը 489 մլն դրամ է։ Իսկ առաջին ծրագրի շրջանակում հյուրանոցները 235 մլն դրամ են ստացել, տուրիզմի և ռեստորանային բնագավառի աշխատողներն էլ՝ 18.456 մլն դրամ»։
Մ. Մելքումյանը շեշտեց, որ աջակցության ծրագրերից օգտվել է վերոնշյալ ոլորտների ներկայացուցիչների 10%-ը, իսկ մնացյալ 90%-ը որևէ աջակցություն չի ստացել, ուստի անհրաժեշտ է վեցամսյա հարկային արձակուրդ տրամադրել։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիների 75 տոկոսը դժգոհ են կառավարության աջակցության ծրագրերից
- Փոքր բիզնեսի աջակցության ծրագրի շրջանակներում 50 գործազուրկ աջակցություն կստանա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան