Մեր երկրում վարկերի արդյունավետ օգտագործման խնդիր կա. Պապիկյան
«Մեր քաղաքական նպատակադրումից չենք հրաժարվել, և ՀՀ-ում եղած իրավական հնարավորություններից ելնելով, մենք այն կյանքի կկոչենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ՍԴ կազմը փոխելու իշխանության նպատակադրմանը։
Հիշեցնենք, որ ՍԴ կազմը փոխելու համար ապրիլի 5-ին նախատեսված էր անցկացնել հանրաքվե, որը սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով անհայտ ժամկետով հետաձգվել է։
Ս. Պապիկյանի խոսքով, ՍԴ կազմը փոխելու իրավական ուղիներից մեկը ՀՀ ԱԺ-ում հարցը քննարկելն ու լուծում տալն է, մյուսն էլ՝ սահմանադրական հանրաքվեն, որն այս փուլում իրականացնել հնարավոր չէ։
«Իհարկե, մենք լուծումը կգտնենք։ Մեր գործողություններն ինքնանպատակ չեն, դրանք բխում են ՀՀ քաղաքացու շահերից, և մենք մեր գործողություններում թափանցիկ ենք, ու որևէ գաղտնի բան անել չենք կարող, այդ իսկ պատճառով սահմանադրական հանրաքվեն այս փուլում չեղարկվեց»,- շեշտեց նախարարը։
Հարցին, թե նախարարությունում կորոնավիրուսով վարակվածներ կա՞ն, Ս. Պապիկյանը պատասխանեց՝ ունեցել են հիվանդներ, այս փուլում որևէ հիվանդ չունեն.«Հիվանդացել են իմ երկու տեղակալները, բայց այժմ առողջ են և աշխատանքի մեջ են»։
Դիտարկմանը, թե արդյո՞ք Ատոմակայանի համար նախատեսված ռուսական վարկից ՀՀ-ի հրաժարվելը խոսում է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մասին, նախարարը արձագանքեց՝ ոչ, դա որևէ աղերս չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ։
«Մեր հարաբերությունները կայուն, ռազմավարական և գործընկերային են։ Բայց, միևնույն ժամանակ, մեր երկրում վարկերի արդյունավետ օգտագործման խնդիր կա։ Մենք ժառանգել ենք տարբեր վարկային միջոցներ, որոնց ժամկետները կա՛մ սպառման փուլում են եղել, կա՛մ սպառվել են։ Իսկ հիմա մեր երկրի համար ավելի շահեկան է, որ մեր ունեցած այլ վարկային միջոցներից բյուջետային վարկ տրամադրենք ու մեր առջև ծառացած խնդիրը լուծենք»,- շեշտեց Ս. Պապիկյանը՝ հստակեցնելով, որ Ատոմակայանի շինարարական աշխատանքները շարունակվելու են։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական հանրաքվեն չեղարկելու նախագիծը
- Ատոմակայանի աշխատանքները կերկարաձգվեն մինչև 2026 թվական
- Ի՞նչ փուլում է ՌԴ կողմից ՀՀ ատոմակայանի վերազինմանն ուղղված միջպետական վարկի օգտագործման ընթացքը