Այժմ Շիրակի մարզում վիրուսի տարածման երկու հաստատված օջախ ունենք. մարզպետ
«Մարզում մինչ օրս ունենք վարակի 490 դեպք, 200 հոգի արդեն բուժվել է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Նրա խոսքով, այս պահին Գյումրիում գործում է ինֆեկցիոն հիվանդանոց, որը սպասարկում է կորոնավիրուսով վարակված անձանց։ Այնտեղ այս պահին բուժում է ստանում 70-ից ավելի քաղաքացի. նրանցից 46-ն է Շիրակի մարզից։
«Դա նշանակում է, որ հիվանդանոցում ունենք նաև որոշակի ազատ մահճակալներ՝ արագ արձագանքման համար։ Մարզում այս պահին ինքնամեկուսացման ցուցում ունի մոտ 700 անձ, նրանցից 109-ի մոտ հաստատված է կորոնավիրուսային հիվանդություն՝ թեթև կամ ասիմպտոմ ընթացքով։ Ես առաջարկել եմ դիտարկել նաև Գյուրմրու հիվանդանոցային շենքերից մեկը, որն այս պահին դատարկ է, բայց վերազինման դեպքում պատրաստ կլինի ընդունելու մոտ 100 հիվանդի։ Մարզն ունի ռեսուրսներ, որոնք կարող ենք ուղղել կորոնավիրուսի բուժմանը»,- շեշտեց մարզպետը։
Նա տեղեկացրեց նաև, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մարզում արձանագրվել է մահվան 10 դեպք, և մահացածների ճնշող մեծամասնությունը ուղեկցող քրոնիկ հիվանդություններ է ունեցել։
Հարցին, թե ինչ սոցիալ-տնտեսական հետևանքներ է ունեցել հիվանդությունը մարզի վրա, Տ. Պետրոսյանը պատասխանեց՝ այս իրավիճակում մարզի սոցիալ-տնտեսական վիճակի խոցելիությունը խորանում է, և այն հեռանկարները, որոնք պետք է իրավիճակի բարելավման բերեին, այս պահին հետ են ընկնում։
«Ամենամեծ խնդիրը անաշխատունակ մարդկանց թվի մեծացումն է՝ նրանց՝ արտագնա աշխատանքի չգնալու հետևանքով։ Շիրակի մարզում շինարարական ոլորտում աշխատել ցանկացող քաղաքացիների տվյալներն ենք հավաքում, և այս պահին 2700 քաղաքացի կա գրանցված։ Այդ մարդկանց տվյալները փոխանցել ենք մարզում գործող շինարարական ընկերություններին։ Տնտեսական սահմանափակումների վերացումից հետո ոլորտներից շատերը որոշակիորեն վերականգնվեցին, իսկ ամենախոցելին դարձան այն մարդիկ, որոնք ՌԴ-ում էին աշխատում»,- նշեց մարզպետը։
Տիգրան Պետրոսյանը հայտնեց, որ մարզում կա երկու արտադրական ձեռնարկություն, որոնցից յուրաքանչյուրում կորոնավիրուսային հիվանդության 20-ից ավելի դեպք է հաստատվել.
«Եվ այժմ մարզում վիրուսի տարածման երկու հաստատված օջախ ունենք։ Երկու ձեռնարկությունների գործունեությունն էլ այս պահին դադարեցված է։ Մեկում առնվազն երկու շաբաթ աշխատանքները չեն վերսկսվի, իսկ մյուսում հիմա քննարկում են աշխատանքներն անվտանգ ձևով վերսկսելու մեխանիզմները»։
Հարակից հրապարակումներ`
- Բուն հիվանդության հետևանքով մարզում արձանագրվել է մահվան 1 դեպք. Արագածոտնի մարզպետ
- Հիվանդության թվի աճ կա, բայց վարակի տարածման կենտրոններ չունենք. Արմավիրի մարզպետ
- Տավուշում մեկ ամսում արտադրվում է մոտ տասը մլն դիմակ. Չոբանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան