ՊԵԿ-ն համաշխարհային ընկերությունների համար նախատեսում է ստեղծել էլեկտրոնային հարթակ
Պետական եկամուտների կոմիտեն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության փորձագետների աջակցությամբ ծառայությունների էլեկտրոնային առևտրի որոտի հարկման լուծումներ գտնելու բանակցությունների սեղանի շուրջ է համախմբել աշխարհում առաջատար տեխնոլոգիական ընկերություններին:
ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ երկարատև բանակցություններից հետո, գործընկերային դաշտ ձևավորելու ամենօրյա աշխատանքի արդյունքում ՊԵԿ-ում կայացել է տեսակոնֆերանս ոլորտի խոշորագույն դերակատարների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Microsoft, Google, Facebook, Booking.com, Netflix, Amazon, Spotify, KPMG և այլ ընկերությունները:
Հայաստանն այսօր ունի եզակի հնարավորություն` էլեկտրոնային ծառայությունների ոլորտի համաշխարհային առաջատարներին առաջարկելու բարենպաստ միջավայր՝ ինքնահայտարարագրվելու և հայաստանյան սպառողին մատուցած ծառայության դիմաց մեր երկրի բյուջե վճարելու ավելացված արժեքի հարկը: Ավելին՝ ՀՀ քաղաքացիներին մատուցված էլեկտրոնային ծառայությունների համար նախատեսված գինն իր մեջ արդեն ներառում է ավելացված արժեքի հարկը։ Ինքնահայտարարագրման այս համակարգի ներդրումը կապահովի պետական բյուջեի լրացուցիչ մուտքեր, որը չի բերի այդ ծառայությունների գների փոփոխման։
«Էլեկտրոնային առևտրի հարկումը մեծ մարտահրավեր է ամբողջ աշխարհում։ Մեր երկիրը` ի դեմս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, լավագույն տարբերակը գտնելու ճանապարհին է: Թվայնացման ոլորտի փորձը կոմիտեին թույլ կտա ստեղծել հաշվետվությունների ներկայացման և հարկերի վճարման հարմարավետ հարթակ»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպությունները հաշված րոպեների ընթացքում կկարողանան գրանցվել ու ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները:
Առաջիկայում ՊԵԿ-ը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի միջազգային լավագույն փորձին համահունչ Հայաստանում ներդրվեն ծառայությունների էլեկտրոնային առևտրի՝ ԱԱՀ-ով հարկման կարգավորումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան