2019-ին տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում ծախսվել է 60.3 մլրդ դրամ. նախարար
Խորհրդարանում մեկնարկել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։
Նիստի մեկնարկին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում օգտագործվել է նախատեսված միջոցների 90.3%-ը, որը կազմում է 60.3 մլրդ դրամ։
«Շեղումը հիմնականում պայմանավորված է ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրման և ԵՄ աջակցությամբ իրականացվող ՀՀ տարածքային զարհացման դրամաշնորհային ծրագրերի կատարողականով։ 2019 թվականին ենթակառուցվածքների զարգացման նպատակով օգտագործվել է ՀՀ մարզերին հատկացված սուբվենցիաների 65.9%-ը՝ 6.4 մլրդ դրամ։ Միջոցառման շրջանակներում 2019 թվականին նախատեսված 259 համայնքից փաստացի սուբվենցիա է ստացել 248-ը։ Եղանակային պատճառներով է պայմանավորված շուրջ 148 սուբվենցիոն ծրագրերը լիարժեք ավարտին չհասցնելը։ Դրանք առկախվել են, և պայմանագրերի ժամկետները երկարացվել են մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը, և այժմ այդ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- շեշտեց Ս. Պապիկյանը։
Նրա խոսքով, տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ 502 համայնքների համար նախատեսված ֆինանսական աջակցության միջոցները ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվել են համայնքներին. արդյունքում հատկացվել է 51.1 մլրդ դրամ դոտացիա։
«Սահմանամերձ համայնքներին տրամադրվել է 731.3 մլն դրամի պետական աջակցություն՝ կազմելով նախատեսված միջոցների 78.7%-ը, ինչը պայմանավորված է համայնքների կողմից գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սպառման ծավալներով։ Նաև շուրջ 4.9 մլն դրամ պետական աջակցություն է տրամադրվել Գեղարքունիքի մարզի Արծվաշեն բնակավայրի վարչական ղեկավարին՝ աշխատակազմի պահպանման ծախսերի համար, և այն կազմել է ծրագրված ցուցանիշի 99.1%-ը»,- տեղեկացրեց նախարարը։
ՎԶԵԲ- ի աջակցությամբ իրականացվող Գյումրու քաղաքային ճանապարհների վերականգման ծրագրերի շրջանակում օգտագործվել է 902.7 մլն դրամ՝ նախատեսվածի 39.6%-ը։ Այլ աջակցության ծրագրերով էլ Գյումրու ճանապարհները բարեկարգելու համար տրամադրվել է 470.1 մլն դրամ, և 130.3 մլն դրամ։
«Ծրագրի կատարողականը պայմանավորված է նրանով, որ համայնքային փողոցների նորոգման աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում կան բազմաթիվ ստորգետնյա էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և այլ խնդիրներ, որոնք ցավոք որևէ տեղ արձանագրված չեն։ Հիմնանորոգվել և կահավորվել է 12 կմ քաղաքային ճանապարհ և մեկ հրապարակ։ Գյումրու պատմական միջուկը բավականին գեղեցկացել է։ Այս տարի ծրագիրը շարունակվելու է, և ակնկալում ենք, որ աշխատանքները կրկնապատկվելու են»,- շեշտեց նա։
Նախարարը տեղեկացրեց, որ 3.5 մլրդ դրամ էլ հատկացվել է դպրոցների սեյսմիկ անվտանգությունը բարձրացնելու նպատակով։
Ս. Պապիկյանի խոսքով, 1.5 մլրդ դրամ էլ տրամադրվել է Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ-ում ապաստանած 112 ընտանիքների բնակարանապահովմանը։
Հարակից հրապարակումներ`
- Արդարադատությունը պետք է լինի համարժեք հատուցվող համակարգ. Ջանջուղազյան
- Այս տարի մոլորակի տնտեսությունը կնվազի 5,2%-ով. ՀԲ
- Ատոմ Ջանջուղազյանն առաջարկում է եկամտահարկից չֆինանսավորել Երևանի որոշ գոտիներում բնակարանների հիպոթեքային վարկերը
- Մենք ունենք մոտավորապես 1.3 մլրդ դոլար միջազգային աջակցություն. Ջանջուղազյան