ԱՄՆ իշխանությունները մտադիր են ձերբակալել անկարգությունների կազմակերպիչներին
ԱՄՆ իշխանությունները մտադիր են բողոքի ցույցերի ընթացքում վերջին շաբաթներին անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալել մի շարք մարդկանց: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երեքշաբթի «Fox News»-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը:
Խոսելով Միացյալ Նահանգներում տեղի ունեցած անկարգությունների մասին, նա հայտարարել է. «Այնպես է եղել, որ ծայրահեղ աջ խմբավորումները փորձել են իրենց ներկայացնել ծայրահեղ ձախ: Ծայրահեղ ձախերը ձևացրել են, որ ծայրահեղ աջ են: Երկու կողմերի ներկայացուցիչներն էլ փորձել են բռնություն հրահրել»:
ԱՄՆ արդարադատության նախարարության ղեկավարը դրական պատասխան է տվել այն հարցին, թե նախատեսվում է արդյոք ձերբակալել կազմակերպիչներին: «Ես չեմ կարող քննությունների ժամանակացույց սահմանել: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մենք լիովին նպատակադրված ենք զսպելու այդ խմբերին»,-նշել է նախարարը:
Երկուշաբթի օրը Բարը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները հետաքննություն են անցկացնում անկարգություններին մասնակցած մի շարք ցուցարարների գործողությունների մասով, որոնք կապված են ԱՄՆ-ում գործող հակաֆաշիստական «Անտիֆա» շարժման հետ: Նա հստակեցրել էր, որ այդ մարդիկ ձերբակալվել են բողոքների ժամանակ՝ մի շարք հանցագործությունների մեղադրանքով:
Մայիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են «Անտիֆա» շարժումը ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Նա պնդել էր, որ ձախ արմատական խմբավորումները պատասխանատու են բողոքի ցույցերի ընթացքում մի շարք նահանգներում անկարգությունների և բռնությունների դեպքերի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան