Արարատցի երիտասարդին դանակահարողին մեղադրանք է առաջադրվել
Հունիսի 3-ին՝ ժամը 14:25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Արարատի մարզի 23-ամյա բնակիչը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. հունիսի 3-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գործող ավտովերանորոգման կետի մոտ անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Երևան քաղաքի 27-ամյա բնակիչն իր մոտ եղած դանակով հարվածել է Արարատի մարզի բնակչի մարմնին՝ ձախ գոտկային շրջանում պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացած դանակը, որը ճանաչման է ներկայացվել 27-ամյա երիտասարդին: Վերջինս հայտարարել է, որ նշված դանակով է հարվածել և մարմնական վնասվածք պատճառել Արարատի մարզի բնակչին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 27-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան