Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման համար ծախսեր նախատեսված չեն
«Մեր ծրագրած մետրոյի կայարանի կառուցումը պետք է կատարվի, սակայն ժամկետների, մեթոդների հարցեր կան: Այդուհանդերձ, մեր քաղաքական թիմի խոստումն իրականացվելու է»,- այսօր խորհրդարանի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում կայացած 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարը հայտնեց, որ ինչպես 2019 թվականի, այնպես էլ 2020 թվականի բյուջեներով Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման համար ծախսեր նախատեսված չեն:
Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում այդ նախաձեռնության իրականացման համար:
Նախարարի հավաստիացմամբ, նոր կայանի կառուցման ծրագիրը կիրականացվի կա՛մ կառավարության լրացուցիչ միջոցների հաշվին, կա՛մ մասնավոր ներդրումներով:
«Այս տարի արդեն պարզ կլինի, թե որ ճանապարհով կգնանք»,- հայտնեց Սուրեն Պապիկյանը: