Ինչո՞ւ է քաղաքապետին ԱԺ-ում ներկայացնում 1.8 մլն դրամ պարգևավճար ստացած փոխքաղաքապետը
«Ո՞ւր է քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչո՞ւ չի ներկայացել քննարկմանը: Նա եզակի պաշտոնյաներից է, որն արդեն երկրորդ անգամ բացակայում է ԱԺ-ում բյուջեի վերաբերյալ քննարկումներից»,- 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ ակնարկելով նաև նախորդ օրվա նիստից քաղաքապետի բացակայության փաստը:
Նիստը համանախագահող պատգամավորը նկատեց, որ եթե մինչ այդ իրենք որոշ տեղեկություն էին ունենում, թե ինչու չի գալիս, ապա հիմա այն չունեն, միայն մամուլից են տեղեկացել, որ մեկուսացման խնդիր կա:
Նկատելով, որ ԱԺ-ն քննարկումը հեռավար կազմակերպելու հնարավորություն ունի՝ Մանե Թանդիլյանը հայտնեց, որ դրա համար պետք էր ժամանակին ներկայացնել խնդիրը:
«Ինչո՞ւ ԱԺ-ին չի տեղեկացվում, որ քաղաքապետը չի ներկայանալու, ինչո՞ւ հենց դուք եք ներկայացնում, եթե կա առաջին տեղակալ: Հատկապես լինելով այն պաշտոնյան, ով աշխատանքից ազատվելու խնդրանքով էր դիմել, որից հետո անհասկանալի հանգամանքներում 1.8 մլն պարգևավճար ստացել: Դուք ո՞ւմ եք ներկայացնում, կարող է մեկ ուրիշ քաղաքապետի տեղակալ գա՝ ասի, որ ինքն է ներկայացնում բյուջեն»,- հարցրեց պատգամավորը:
Հայկ Սարգսյանը հայտնեց, թե քաղաքապետի բացակայության պատճառն այն է, որ նա կոնտակտավոր է, սերտ շփում է ունեցել երկու վարակված աշխատակիցների հետ: Ինքն է ներկայացնում հարցը, որովհետև ֆինանսական զեկույց է, և քաղաքապետը նախընտրել է, որ ֆինանսական գծով տեղակալը ներկայացնի:
«Կոնտակտավոր լինելը հաստատ վարակված լինելուց ավելի վատ չէ: Եթե վարչապետը կարողացել է վարակված լինելու պարագայում հեռավար մասնակցել, Մարությանն էլ կարող էր: Էլ չեմ ասում, որ ԱԺ-ն ձեզանից պետք է իմանար մեկուսացված լինելու մասին, ոչ թե մամուլից»,- նկատեց Թանդիլյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան