Աչքիդ առաջ հիվանդները սկսում են շնչահեղձ լինել. բժիշկ
Նոր կորոնավիրուսով վարակվածները մեծամասամբ ունեն ուղեկցող հիվանդություններ, ինչպիսին են սիրտ-անոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը և այլն։ Խոսելով Հայաստանում համավարակով պայմանավորված վիճակի ընթացքից՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի բուժական հարցերի գծով տեղակալ Պետրոս Մանուկյանը:
«Կորոնավիրուսային վարակը բարդացնում է նման հիվանդների բնականոն վիճակը: Վերջին շրջանում ծարահեղ ծանր և ծանր հիվանդների աճի միտում նկատվեց և հիվանդանոցն ավելի ծանրաբեռնված սկսեց աշխատել:Հիվանդն ընդունվում է հիվանդանոց՝ շնչահեղձության, օդի պակասի և տագնապի զգացողությամբ, ինչը հիվանդների մոտ հիվանդության զարգացման ընթացքը դարձնում է անկառավարելի: Աչքիդ առաջ հիվանդները սկսում են շնչահեղձ լինել»,- նշեց Պետրոս Մանուկյանը:
Բժշկի խոսքով՝ հիվանդությունն ընթանում է անկառավարելի ընթացքով: Հետևաբար, քանի դեռ աշխարհում չկան հստակ բուժման մեխանիզմներ և պատվաստանյութ, միակ ճանապարհը կանխարգելումն է:
Այս համատեքստում ռազմական բժիշկը քաղաքացիների հորդորեց կատարել պարետատան ցուցումները: