Սարգիս Ստեփանյան. Բարև՛, իմ Սասնա ծուռ ախպեր
ԶՈՒ փոխգնդապետ, «Արիության համար» մեդալակիր Սարգիս Ստեփանյանն այսօր այցելել է ապրիլյան պատերազմում զոհված Սասուն Մկրտչյանի շիրմին։ Այսօր Սասունը կդառնար 31 տարեկան։
Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Սասունի հետ մտովի զրույցը.
«Բարև՛, իմ Սասնա ծուռ ախպեր: Եկա Եռաբլուր, եկա քեզ շնորհավորելու, եկա, կրկին ու կրկին սիրտս ու հոգիս տված քաջ ախպերներիս հոգու մրմունջին...
Շրջեցի, խնկարկեցի, խոսեցի...
Տղերքը, ամեն մեկը յուրովի է ժպտում, խոսում, զայրանում... Բազմաթիվ մարդիկ էին եկել քեզ տեսնելու, շատերս էինք մեր սերն ու կարոտը բերել քո տարեդարձին, շատերս էլ, առանձին-առանձին էլ, քեզ այնքա՜ն բան ունեինք ասելու, գրկելու, պատմելու: Ինչքա՜ն երազ ու կարոտ կար քո մեջ, դեռ ինչքա՜ն ապրեցնող ու արարող տարեդարձներ խառնվեցին մորդ ու սիրելիիդ երկնագույն աչքերում...
Իմ անառիկ ախպեր, իմ Սասնա խենթ ու խելառ ախպեր, իմ մուրազի ու երազի գիժ ախպեր...
Չեմ ուզում գրել, թե ով էիր, ինչեր արեցիր, բոլորը գիտեն... Բայց, հոգիս նվաղում է, սիրտս, կծկված, մի բուռ դարձած, մրմնջում է.
«Վե՛ր կաց, եղբայր, վե՛ր կաց, դու դեռ երազ ունես կատարելու»...
Ախպե՜րս, հայս, հայու գենս, գիտեմ, հիմա մարմինդ Եռաբլուրում է, հոգիդ՝ Էրգրում: Հիմա ճախրում ես քո Երազ-Էրգրի, քո Սասնա բարձր սարում, անտառներում, հիմա, թևերդ լայն բացած, հսկում ես Մհերի դուռը, հսկում ես հայոց երկրի սահմանն ու երկնակամարը...
Իմ հավերժի զինվոր ախպեր, իմ կիսաերազ ու կիսամուրազ նահատակ ախպեր, խոնարհվում եմ շիրմիդ, հպարտանում, որ դու՝ մե՛րն ես, միայն մե՛րը...
Մենք, որ ամեն մեկս մի ապրիլ ապրեցինք, ամեն զինվորի հետ նահատակվեցինք ու հարություն առանք, քառօրյայի սև դաշտում կրկին անգամ հայրենիք պաշտեցինք, խոնարհվում ենք ձեր շիրիմներին, իմ խաչի ու հավերժի զինվորներ...
Շնորհակալ եմ.
Պատիվ ունեմ...»։
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյանի անմահ հերոս Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է
- Մայոր Սարգիս Ստեփանյան. Եթե ոչ ես, ապա էլ ո՞վ
- Մայոր Սարգիս Ստեփանյան. Սա չէր իմ պայքարի նպատակը, Եռաբլուրում հանգչող տղերքի երազանքը
- Հայրենիքի սերը՝ կյանքից առավել. Սասուն Մկրտչյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան