9-րդ ծրագրի շահառուներից շատերը դեռ աջակցություն չեն ստացել
ՀՀ կառավարության հաստատած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման շահառուներ են հանդիսանում մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները, որտեղ երեխայի ծնողներից/խնամակալներից ոչ մեկը կամ միայնակ ծնողը/խնամակալը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ․ մարտի 12-ի դրությամբ, և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական աշխատանքի մարտի 12-31-ն ընկած ժամանակահատվածում։
Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 հազար 500 ՀՀ դրամ գումարի չափով:
Ապրիլի 13-ից սկսած շահառուները դիմումեր են ներկայացրել։ Սակայն կան քաղաքացիներ, որոնք մինչև այժմ իրենց հասանելի գումարը չեն ստացել, թեև համակարգը նրանց չի մերժել։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը Panorama.am-ին ասաց, որ ցուցակները թարմացվում են շաբաթը մեկ, նաև նշեց, որ ուշացումների պատճառը տվյալների բազաների ոչ ամբողջական լինելն է։
«Կարգն այսպես է. երբ մենք ստանում ենք դիմումը, ստուգվում են տվյալների բազայով։ Մեր տվյալների բազայով ստուգվում է, արդյոք նպաստառու են, թե ոչ, գնում է ՊԵԿ ստուգման, արդյոք աշխատող են, թե ոչ, նրանց անունով հարկ վճարվել է, թե ոչ, ԱԱԾ տվյալների բազայով ստուգվում է, արդյոք Հայաստանում են գտնվում, թե արտերկրից են գրում, պետռեգիստր է գնում, ստուգվում է հաշվառումը, հետո Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, ստուգվում է երեխաների և ծնողների տվյալների համադրելիությունը։ Եթե տվյալ բազաներում որևէ մի տվյալ գտվում է ու չի համադրվում մյուս բազայի հետ, գնում է ձեռքով ստուգման։ Հնարավոր է ուշացած պատասխանները հենց այդ դիմումներից լինեն։ Այսինքն, եթե քաղաքացիների տվյալներն ամբողջական չեն բազաներում, դիմումը գնում է լրացուցիչ ստուգման, մշակման, մեր մասնագետները սկսում են ձեռքով այդքանը ստուգել, հարցումներ անել՝ հասկանալու՝ արդյոք կան այդ մարդիկ, թե ոչ, այլապես ստիպված կլինենք այդ դիմումները մերժել։ Հասկանում ենք, որ խնդիրը ոչ թե քաղաքացունն է, այլ տվյալների բազաններն ամբողջական չեն, միանգամից չեն նույնականացվում, դրա համար լրացուցիչ ձեռքով ստուգում է իրականացվում։ Ունենք դեպքեր մեկ ամիս, 1,5 ամիս սպասում են»,- մանրամասնեց Ս. Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ քիչ են լինում դեպքեր, երբ գրանցումից հետո միանգամից հաստատվում է դիմումը։ Եթե բոլոր տվյալները միանգամից նույնականացվում են, հնգօրյա ժամկետում գումարը փոխանցվում է, քաղաքացին հաղորդագրություն է ստանում այդ մասին։ Մյուս դեպքերում, եթե դիմումը լրացնելուց հետո նշվում է, որ տվյալները մուտքագրվել են, պահանջվում է լրացուցիչ մշակում, քաղաքացին կարող է նույն կոդով, մեյլով կամ հեռախոսահամարով մուտք գործի, տեսնի իր դիմումի կարգավիճակը։
Նա ընդգծեց, որ եթե դիմումը մերժվում է, անմիջապես այդ մասին նշվում է. մնացած դեպքերում գնում է լրացուցիչ մշակման։
Ս. Մարտիրոսյանի խոսքով, ծրագրի գործողության ժամկետ սահմանված չէ։
Նրա ներկայացրած տվյալների համաձայն, հունիսի 7-ի դրությամբ այս ծրագրից օգտվելու համար ստացվել է շուրջ 1,4 միլիոն դիմում, որից մշակման ենթակա է եղել 723 հազարը։
Դիմումների ուսումնասիրության արդյունքում 187 հազար երեխայի համար աջակցության գումարը հաստատվել է ու արդեն վճարվել է։ Հաշվի առնելով երեխաների վերաբերյալ էլեկտրոնային շտեմարանների ոչ ամբողջական լինելը՝ 3800 երեխայի տվյալներ նախարարության կողմից հնարավոր չի եղել նույնականացել, այսինքն՝ այդ դիմումները լրացուցիչ մշակման կարիք ունեն։
«Իրենց տվյալներն ուղարվել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն։ Հիմնական խնդիրը կապված է հենց Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության հետ, իրենց բազաներն ամբողջական չեն, թվայանցվել են 2015 թվականից հետո ծնված երեխաների տվյալները։ Այս ծրագրերի ընթացքում իրենք թվայանացրել ու մեզ են փոխանցել 49 հազար երեխայի տվյալ։ Մինչև իրենցից այդ տվյալները ստանում ենք, մեր սերվեր ենք մուտք անում, նույնականացնում, ահռելի ժամանակ է պահանջվում»,- ասաց Ս. Մարտիրոսյանը։
9-րդ ծրագրի հետ կապված Panorama.am-ը տարբեր հրապարակումներ արեց, որոնց «Մեկնաբանություններ» բաժնում քաղաքացիները մի շարք հարցերով են դիմում։
Հարցերը հիմնականում նույնաբովանդակ են՝ դիմում գրել են ու պատասխան չեն ստացել, գումար չեն ստացել, կամ՝ գրանցման հետ կապված խնդիրներ են եղել.
«Բարև ձեզ, մեր դիմումը արդեն 1 ամիս ստուգման փուլում է, ոնց կարող եմ իմանալ շահառու եմ, թե ոչ, կամ էլ ցուցակը ոնց կարող եմ նայել»։
«Ստախոսներ»։
«Վերջն ինչքան կարելի է սպասել, մեկ ամսից ավելի արդեն սպասում եմ»։
«Սպասենք, կգա պատասխանը 2025 թվին»։
Հարակից հրապարակումներ`
- Սոցիալական աջակցության 9-րդ միջոցառումն արդեն գործում է
- Փաշինյան. Կներեք, բայց ես չգիտեմ, թե ՀԾՀ-ն ինչ է
- Զարուհի Բաթոյան. Դիմումների մեծ թվի պատճառով մի քանի ժամով դադարեցրել ենք 9-րդ միջոցառման դիմումների ընդունումը
- Ինչ կլինի այն քաղաքացիների հետ, ովքեր օգնության համար չեն դիմում սոցապին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան