Երևանում տղամարդը քաշել-պոկել է 8 հատ «թույա» տեսակի ծառ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «թույա» տեսակի ծառերի գողության և գողության փորձ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 33-ամյա բնակիչը, ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 2020թ. մարտի 21-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Սասունցի Դավթի» արձանի ձախ հատվածում գտնվող այգու եզրային մասից քաշել-պոկելու եղանակով գաղտնի հափշտակել է զգալի չափերով՝ ընդհանուր 120.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երևան համայնքին պատկանող 8 հատ ոսկեգույն «թույա» տեսակի ծառեր:
Բացի այդ, մի քանի օր անց, վերոհիշյալ հրապարակում, 33-ամյա տղամարդը կրկին փորձել է գաղտնի հափշտակել 4 հատ նույն ծառատեսակից, սակայն նկատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել՝ իր կամքից անկախ հանգամանքներում:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 33-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 1-ին մասի և 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան