Տարբեր «սոցիալական» խմբերի համար գազի գինը տարբեր կլինի
«Ի՞նչ կարծիք ունեք գազի և ջրի համար երկսակագնային քաղաքականություն վարելու առումով»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ խոսքն ուղղելով ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։
Պատգամավորը նշեց, եթե երկսակագնային քաղաքականություն վարելու տարբերակ լինի, գուցե հնարավոր լինի բնակիչներին պահել իրենց համայնքներում. «Ունենք տարածաշրջաններ, որոնք օգտվում են իրանական գազից, որի կալորիականությունը զիջում է ռուսական գազին, այդտեղ էլ կարող ենք երկսակագնային քաղաքականություն վարել, որպեսզի սոցիալական արդարությունը պահվի»։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ս. Պապիկյանն ասաց, որ ինքը կողմ է ոչ միայն երկսակագնային, այլ նաև բազմասակագնային քաղաքականությանը, որովհետև ակնհայտ է, որ ՀՀ-ում միատարր սակագինը, մեղմ ասած, արդար չէ։
Նրա խոսքով, մի պարագայում մարդն ունի հարյուր հեկտարանոց այգի, իսկ մյուս դեպքում՝ դիմացինն ունի մեկ հեկտար տնամերձ տարածք, բայց իրենք ջրի համար վճարում են հավասարաչափ գումար։ Եվ դա այն դեպքում, երբ պետությունը սուբսիդավորում է 159 դրամանոց ջրի գնի հիմնական հատվածը և այն 11 դրամով հավասարապես տրամադրում է երկու կողմին էլ։
«Եվ արդար չէ, երբ մի դեպքում մարդիկ ջուրը 11 դրամով են ստանում, մյուս դեպքում՝ 250 դրամ սակագնով ջուր է տրամադրվում այլ մարդկանց։ Այո, սահմանամերձ գյուղերը կարող են այդ արտոնությունից օգտվել, բայց այն համատարած բնույթ չպետք է կրի։ Ցավոք, հաճախ մարդիկ մտածում են՝ ջուրը տվել է բնությունը, և այն պետք է անվճար լինի՝ չպատկերացնելով, թե ինչ ճանապարհով է այդ ջուրն իրենց հասնում»,- ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է գազի նոր գնի ձևավորմանը, ապա Ս. Պապիկյանը տեղեկացրեց, որ ՀԾԿՀ-ն շուտով կհրապարակի ընթացիկ տարվա սակագինը՝ տարբեր սոցիալական խմբերի համար։
«Ես կարծում եմ, որ այստեղ մտահոգություններ չեն լինի, դրանք կփարատվեն, քանի որ գազի նոր գնի հետ կապված բոլորի համար ցանկալի արդյունք կլինի։ Գոնե այնպես կլինի, որ արդյունքները վատթարացող չեն լինի հիմնական սոցիալական խմբերի համար»,- շեշտեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ գազի գնի բարձրացման անհրաժեշտություն է տեսնում
- Ս. Գրիգորյան. Կառավարությունը ձախողել է գազի գնի վերանայման բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին