Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի համար 9.9 մլն դրամ արժողությամբ ծառայողական մեքենա է գնվել
«Օրերս բյուջեում վերաբաշխում է եղել, և 9.9 մլն դրամ գումար եք նախատեսել նոր ծառայողական մեքենա գնելու համար»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ դիմելով Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին։
Պատգամավորը հետաքրքրվեց, թե այս «նեղ» պայմաններում ի՞նչ ծառայողական մեքենայի մասին է խոսքը։
Պատասխանելով պատգամավորի հարցին, փոխքաղաքապետը հայտնեց, որ խոսքը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարին ծառայողական մեքենայով ապահովելու մասին է։
«Արդեն վեցերորդ ամիսն է, ինչ վարչական շրջանի ղեկավարը ծառայողական մեքենայի բացակայության պատճառով իր անձնական մեքենան է օգտագործում։ Մոտ 20 օր առաջ իմացա, որ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ վթարվել է նաև այդ մեքենան, և ծառայողական մեքենաների պարկն ուսումնասիրելով, չգտանք պատշաճ համապատասխան մեքենա, որը կարող էր ինչ-որ մեկից վերցվել և տրվել վարչական շրջանի ղեկավարին»,- մեկնաբանեց Հ. Սարգսյանը։
Նրա խոսքով, քաղաքապետի ծառայողական մեքենան, որը դրվել է վաճառքի և դեռևս չի իրացվել, արժի մոտ 7 մլն դրամ.
«Այն բավականին հնացած մեքենա է, և այսօր ծախսերի կառավարման տեսանկյունից այնքան էլ էֆեկտիվ չէ հին մեքենա պահելը, և այսօր մենք նաև քննարկում ենք մեր ամբողջ կազմի մեքենաներն այլ վառելիքի համակարգի փոխելը, որպեսզի միջոցներ տնտեսենք։ Բացի այդ նախատեսվում է փոխել շատ հնացած մեքենաները, որոնք, օրինակ, փոխանցման տուփը տարի երեք անգամ փոխվում է, փոխարինել նոր կազմով»։
Երևանի փոխքաղաքապետը վստահեցրեց, որ քաղաքապետարանի գործառույթների բազմաշերտությունը պարզապես հնարավորություն չի տալիս, ցանկալի չափով կրճատել մեքենաների կազմը։
«Եվ այո, այս գնումը վառ ապացույցն է նրա, որ մենք չենք կարողանում այլ ձևով մեքենայի խնդիրը լուծել։ Իսկ վարչական շրջանի ղեկավարի շարժողականությունն օրվա ընթացքում ուղղակի աննկարագրելի մեծ է, ուստի նրան առանց մեքենայի թողնելն այդքան էլ արդարացված չէր լինի»,- եզրափակեց խոսքը Հ. Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան