Կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները կայունացման թույլ նախանշաններ են ցույց տալիս. Փաշինյան
Կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները կրկին կայունացման թույլ և նախնական նախանշաններ են ցույց տալիս: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե վերջնական չենք կարող արձանագրել, որ մեր մոտ վիճակը կայունացել է, բայց այդպիսի առաջին նախանշանները կան: Կայունացումը տեղի է ունենում բավական բարձր նշաձողի վրա: Մենք երեկ 428 նոր դեպք ենք ունեցել»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ հոսպիտալացման կարիք ունեցող մեր քաղաքացիների խնդիրը քիչ-քիչ լուծվում է:
«Եթե միասին կարողանանք պահպանել այս միտումը, կլուծենք հոսպիտալացման հետ կապված խնդիրն ամբողջ ծավալով և կանցնենք կորոնավիրուսի հաղթահարման կամ զրոյացման փուլին»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետը խնդրի լուծման գործում կարևորում է քաղաքացիների հակահամաճարակային կանոնների պահպանումը:
Նա տեղեկացրեց, որ քաղաքացիների զգալի մասը կրում են դիմակներ, սակայն կան նաև դեռևս կանոնները չպահպանող քաղաքացիներ:
«Դեռևս ցանկալի արդյունք չունենք: Այսօրվա տվյալներով ոստիկանությունը 1800 քաղաքացու տուգանել է դիմակ չկրելու համար»,- նշեց վարչապետն ու հավելեց, որ չեն պահվում ամենապարզունակ կանոնները:
Մասնավորապես, ըստ նրա, շարունակում է խնդիր մնալ մարդաշատ հուղարկավորությունների և հարսանյաց հանդիսությունների անցկացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան