«Ժողովուրդ». Մյուս թաղապետերի ծախսերի վերաբաշխումից օգտվել է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարը
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո բոլոր գերատեսչությունները գնացին ծառայողական ավտոմեքենաները կրճատելու ճանապարհով, սակայն Երևանի քաղաքապետարանում առաջիկայում նախատեսվում են փոխել մեծ թվով մեքենաներ, և պատճառաբանվելու են, թե դրանք հին են, ու վերանորոգելու փոխարեն ճիշտ կլինի թարմացնել դրանք: Այլ կերպ ասած, քաղաքապետարանը շեղվել է հեղափոխական բարքերից:
Արդեն հայտնի է, որ 9.9 մլն դրամ նախատեսվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի՝ Միքայել Թումասյանի համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով: Երեկ խորհրդարանում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը այս անհրաժեշտությունը պարզաբանեց հետևյալ կերպ. թաղապետն իր անձնական ավտոմեքենան էր օգտագործում մինչ այժմ, որը վթարվել է, և հարմար ավտոմեքենա չեն գտել մինչև այժմ, որ տան պաշտոնյային:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետի կողմից համապատասխան որոշումը կայացվել է վերջերս`հունիսի 5-ին, և այդ գումարը հատկացվել է քաղաքի բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով: Եվ, որպես վերաբաշխման հիմնավորում, քաղաքապետը ներկայացրել է, թե հաշվի են առել Արաբկիր, Դավթաշեն, Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարների գրությունները: Իսկ ի՞նչ գրությունների մասին է խոսքը. ուսումնասիրելով փաստաթղթերը՝ տեղեկացանք, որ վերաբաշխում է կատարվել բազմաթիվ ոլորտներում՝ հանգստի, սպորտի ծառայություններ, զբոսաշրջություն, կոմունալ ծառայություններ և այլն: Ստացվում է` մյուս թաղապետերի ծախսերի վերաբաշխումից օգտվել է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ծառայողական ավտոմեքենան 2019թ. հոկտեմբերի 1-ից հանվել է աճուրդի, մեկնարկային գինը 7 մլն դրամ է, սակայն մինչև այժմ գնորդ չկա»:
Մանարամասները թերթի այսօրվա համարում