Խրախուսում պետք է իրականացվի, որպեսզի կայուն պահվի դիվանագիտական անձնակազմը. Մնացականյան
«Ենթադրվում էր, որ 2019 թվականին պետք է փոփոխություններ լինեին նաև ԱԳՆ գերատեսչական աշխատանքում»,- խորհրդարանում այսօր ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին։
Պատգամավորին հետաքրքրում էր՝ արդյո՞ք եղել են երկրներ, որտեղ ՀՀ-ն ուժեղացրել է ներկայացուցչական աշխատանքը։
Պատասխանելով՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ արտաքին գերատեսչության ընդհանուր բարեփոխումների գործընթացը շարունակում է մնալ օրակարգային, այն պահանջում է և՛ ծրագրավորում, և՛ ժամանակ։
«Աարտերկրում գործող մեր դիվանագետները կենտրոնական ապարատից են գործուղվում։ Եվ շատ ենք կարևորում մեր անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը՝ ճիշտ կադրային քաղաքականության իրականացման առումով։ Մենք հիմա ունենք ծրագիր, ըստ որի, պետք է կենտրոնական ապարատում և արտերկրում աշխատող ԱԳՆ աշխատակիցների հարաբերակցությունը լինի 50-50, բայց սա միանգամից հնարավոր չէ անել։ Ներկայումս այդ հարաբերակցությունն այսպես է՝ կենտրոնական ապարատում է գործում աշխատողների 60%-ը, և միայն դիվանագետների 40%-ն է աշխատում արտերկրում»,- տեղեկացրեց նախարարը։
Նրա խոսքով, կարևոր է պլանավորված ռոտացիայի իրականացումը։
«Այո, մեզ համար մարտահրավեր է մեր պրոֆեսիոնալ կադրերին պահպանելը, և ունենալ այն կարող աշխատուժը, որն անհրաժեշտ է՝ արտգործնախարարությունը պահպանելու համար։ Այդ առումով, այո, խրախուսում պետք է իրականացվի, որպեսզի կայուն պահվի դիվանագիտական անձնակազմը։ Բացի դրանից, էական ենք համարում, որ էլ ավելի ամրագրվի պրոֆեսիոնալ կադրերի աճը, և դիվանագետներին հնարավորություն տրվի, որ իրենք աշխատեն տարբեր աշխարհագրություններում։ Յուրաքանչյուրի կարողությունների ամրապնդումը պետք է համարել ընդհանուր համակարգի ամրապնդում»,- եզրափակեց խոսքը նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ավելացրել են ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը. Մնացականյան
- 16 մլրդ 435 մլն դրամ գումար է ծախսվել արտաքին հարաբերությունների զարգացման համար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան