Ռուս փորձագետը կանխատեսում է Փաշինյանի ժողովրդականության անկում
Ուժային միանգամից 3 գերատեսչությունների ղեկավարներին հեռացնելը հորինված պատճառով, հայերի մեծ մասը հավանություն չի տա։ Այս մասին ВЗГЛЯД թերթին ասել է քաղաքագետ Վլադիմիր Լեպյոխինը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Փաշինյանի որոշումը՝ միանգամից երեք գլխավոր ուժային պաշտոնատար անձանց պատժել՝ կարանտինի խախտման համար:
«Հայաստանի բնակիչների մեծ մասը չի պաշտպանի հրաժարականների վերջին շարքը, քանի որ հասարակության մեջ կա բավականին լուրջ պառակտում: Վարչապետի ժողովրդականությունը մի քանի ամիս է ընկնում է։ Ժողովրդականության անկումը պայմանավորված է համաճարակի ընթացքում Փաշինյանի ապաշնորհ գործողություններով, ինչպես նաև կադրային անարդյունավետ քաղաքականությամբ։
Վարչապետը մեկ նշանակում է նախարարներ, մեկ շուտ-շուտ աշխատանքից հեռացնում է նրանց: Փոքր երկրում վրդովմունքն արագորեն աճում է: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մոտ շրջապատի այլընտրանքային էլիտար խմբերում ընդդիմադիր տրամադրությունները աճում են», - ասում է ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը։
Ըստ Լեպյոխինի՝ Սարգսյանի թիմի նախարարները, որոնք կորցրել են իշխանությունը երկու տարի առաջ, ինչպես նաև նրա հանրապետական կուսակցության ակտիվիստները «ոչ մի տեղ չեն գնացել» և ռեվանշի են տրամադրված, նրանք հետևում են Փաշինյանի թույլ տված յուրաքանչյուր սխալին:
Քաղաքագետը նշում է, որ առաջանում է ապարատի դավադրության սպառնալիք, խմբերի կոնսոլիդացիա, որոնք կարող են գործող վարչապետի դեմ նույն իրավիճակը ստեղծել, որին նա դիմեց Սարգսյանի դեմ:
Հետևաբար, կադրային վերջին որոշումները քաղաքագետը բացատրում է ոչ թե Գլխավոր շտաբի գործունեության նկատմամբ պնդումներով, այլ այս լարվածությամբ, կառավարությունում աճում է կադրերի թռիչքային հոսքը, տնտեսության մեջ էլ իրական հաջողություններ չկան։
Կորոնավիրուսի սահմանափակումների խախտման համար ուժային կառույցների ղեկավարներին աշխատանքից հեռացնելը Լեպյոխինն անվանել է չափազանց խիստ։ Նրա կարծիքով, որպես կարանտինը խախտելու պատիժ Փաշինյանը կարող էր սահմանափակվել միայն նկատողությամբ կամ տուգանքով:
«Երբ կա քաղաքական պայքար, ցանկացած պատճառ օգտագործվում է փոխատեղման համար», - ասել է քաղաքագետը: